Մինչև Fastex Պրեմիեր լիգայի թիմերը քրտնաջան մարզումներով նախապատրաստվում են ընթացիկ առաջնության վերսկսմանը, FastNews-ը ֆուտբոլասերներին առաջարկում է ծանոթանալ հայկական ֆուտբոլում գրանցված բացառիկ ռեկորդներին: Այսօր կանդրադառնանք թիմային ռեկորդներին:
1.Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը «Փյունիկն» է, որն իր կենսագրության ընթացքում 39 մրցանակի է արժանացել: «Փյունիկը» 16 անգամ (1992, 1995/96, 1996/97, 2001-2010, 2014/15, 2021/22, 2023/24թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 8 անգամ (1996, 2002, 2004, 2009-2010, 2012/13-2014/15թթ.) դարձել է Հայաստանի գավաթակիր, 10 անգամ (1997, 2002, 2004-2005, 2007-2008, 2010-2011, 2015, 2022թթ.)՝ ՀՀ սուպերգավաթակիր, 4 անգամ արժանացել է առաջնության արծաթե, 1 անգամ էլ՝ բրոնզե մեդալներին:
«Փյունիկը» յուրօրինակ ռեկորդակիր է ինչպես Հայաստանի առաջնություններում զբաղեցրած մրցանակային տեղերի քանակով (21), այնպես էլ Հայաստանի գավաթի և Սուպերգավաթի մրցաշարերում ունեցած հաջողություններով: 2001-2010թթ. փյունիկցիները 10 տարի անընդմեջ նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

«Փյունիկը» նաև Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 860 հանդիպումներում 1891 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ էլ (2,19 գոլ) լավագույնը «Փյունիկի» ցուցանիշն է:
2. Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Արարատին», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 145 գնդակ է խփել: Այդ տարի արարատցիները նաև միջին արդյունավետության ռեկորդ սահմանեցին`մեկ խաղում միջինը խփելով 4,26 գոլ: «Արարատին» է պատկանում նաև մեկ մրցաշրջանում խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության ռեկորդը`122 (1992թ.՝ 145-23):
3. Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Շիրակին» (33 խաղում) և ՀՄԸՄ-ին (34 խաղում), որոնք 1992թ. առաջնությունում 108-ական գոլ են խփել:
4. Իսկ ահա «Ալաշկերտը» չեմպիոններից ամենացածր արդյունավետությունն է ցույց տվել՝ 2020/21թթ. առաջնության 23 խաղում դառնալով ընդամենը 22 գոլի հեղինակ:

5. Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի միջին արդյունավետությամբ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 2002թ. առաջնության մեկ խաղում միջին հաշվով 3,9 գոլ է խփել (82 գոլ՝ 21 խաղում):
6. Հայաստանի չեմպիոններից մեկ մրցաշրջանի միջին արդյունավետության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2020/21թթ. «Ալաշկերտի» մոտ՝ 0,95 գոլ (22 գոլ՝ 23 խաղում):
7. Մեկ մրցաշրջանում սեփական դարպասը բոլորից քիչ գնդակ է ընդունել «Փյունիկը»: 1996/97թթ. առաջնության 21 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 7 գոլ են բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,33 գնդակ):
8. Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի է ընկել «Արարատը», որը 1993թ. առաջնության 28 խաղում բաց է թողել ընդամենը 9 գոլ կամ միջինը մեկ խաղում՝ 0,32 գնդակ:
9. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում բոլորից շատ խաղ է անցկացրել «Շիրակը»՝ 880:
10. Բարձրագույն խմբում տարած հաղթանակների թվով (527) ռեկորդակիրը «Փյունիկն» է:
11. Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով հաղթանակներ է տոնել «Բանանցը», որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներից 28-ում պարտության է մատնել մրցակիցներին:
12. «Փյունիկը» 1995/96, 1996/97 և 2002թթ. առաջնություններում խաղերի 86,3 տոկոսն ավարտել է հաղթանակով (19 հաղթանակ 22 խաղում):
13. 1994թ. «Շիրակը» վաստակել է հնարավոր միավորների 92,8 տոկոսը (52 միավոր 28 խաղում): Իսկ ահա «Շիրակ-2-ը» 1998թ. վաստակել է հնարավոր միավորների ընդամենը 1,6 տոկոսը (1 միավոր 20 խաղում):
14. «Երևանը» 2019/20թթ. առաջնությունում տխուր ռեկորդի հեղինակ դարձավ՝ պարտվելով անցկացրած բոլոր 15 հանդիպումներում էլ, որից հետո լուծարվեց:
15. Միայն 3 թիմի`«Արարատին» (1993թ., 28 խաղ), «Շիրակին» (1994թ., 28 խաղ, 1995թ., 10 խաղ) և «Փյունիկին» է (1995/96թթ., 22 խաղ, 2003թ., 28 խաղ) հաջողվել առաջնությունն անցկացնել առանց պարտության:
16. Իսկ ահա «Ղարաբաղը» (1995թ.՝ 10 խաղում 4 ոչ-ոքի), «Ազնավուրը» (1995/96թթ.՝ 22 խաղում 2 ոչ-ոքի), «Լոռին» (1997թ.՝ 18 խաղում 1 ոչ-ոքի), «Շիրակ-2-ը» (1998թ.՝ 20 խաղում 1 ոչ-ոքի), «Ուլիսը» (2015/16թթ.՝ 15 խաղում 2 ոչ-ոքի) և «Երևանը» (2019/20թթ.՝ 15 խաղում 0 ոչ-ոքի) առաջնությունում հաղթանակ չեն տոնել:
17. Հայաստանի առաջնություններում «Շիրակն» ու «Փյունիկը» 59 խաղ անընդմեջ անպարտելի են մնացել: «Շիրակը» 1993թ. օգոստոսի 12-ին «Արարատին» 0-1 հաշվով զիջելուց հետո մինչև 1995թ. հոկտեմբերի 14-ը «Ղարաբաղի» հետ կայացած հանդիպումը (0-1) չէր պարտվել:
«Փյունիկը» 2002թ. հոկտեմբերի 9-ին «Շիրակին» պարտվելուց (0-1) հետո անհաջողության չէր մատնվել մինչև 2004թ. նոյեմբերի 11-ը`զիջելով «Կիլիկիային» (0-1):
18. Անընդմեջ պարտությունների ամենաերկար շարքը գրանցել է «Գյումրին», որը 1998 (6-20-րդ տուրեր)-1999թթ. (1-16-րդ տուրեր) ընթացքում 31 խաղ շարունակ զիջել է մրցակիցներին:
19. Առանց հաղթանակների ամենաերկար շարքի հեղինակը «Գյումրին» է, որը 1998 (1-20-րդ տուրեր)-1999թթ. (1-16-րդ տուրեր) ընթացքում 36 խաղ շարունակ չի կարողացել առավելության հասնել մրցակիցների նկատմամբ՝ վաստակելով ընդամենը 1 միավոր:
20. «Փյունիկին» է պատկանում ամենահաջող մեկնարկի ռեկորդը՝14 անընդմեջ հաղթանակ Օսկար Լոպեսի գլխավորությամբ (2002թ.):
21. «Փյունիկը» 2004թ. Վարդան Մինասյանի օրոք 16 անընդմեջ հաղթանակ է տոնել:
22. Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով խոշոր հաշվով հաղթանակներ է տոնել «Արարատը»՝ 20 (1992թ.՝ 34 խաղում):
23. «Բանանցը» 1993թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խոշոր հաշվով 6 անընդմեջ հաղթանակ է տոնել:
24. «Փյունիկը» 2001թ. առաջնության մեկնարկային 5 հանդիպումներն էլ շահել է խոշոր հաշվով:

25. Մեկ մրցաշրջանում առավել հաճախ`18-ական անգամ խոշոր հաշվով պարտվել են Ալավերդու «Դեբեդը» (1992թ.՝ 34 խաղում) և «Գյումրին» (1999թ.՝ 32 խաղում):
26. Մեկ այլ տխուր ռեկորդ է սահմանել «Կիլիկիան» 1992թ.՝ առաջնության ավարտական 8 խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով գնդակների 1-69 ընդհանուր տարբերությամբ:
2001 և 2002թթ. այդ ռեկորդը կրկնել է «Լոռին»: 2001թ. վանաձորցիները 9-16-րդ տուրերում կրել են 8 անընդմեջ պարտություն գնդակների 2-41 ընդհանուր տարբերությամբ, 2002թ. այդ տխուր շարքը կրկնվել է 11-18-րդ տուրերում գնդակների 4-56 ընդհանուր տարբերությամբ:
27. Հայաստանի առաջնությունների ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1992թ. հունիսի 11-ին «Հրազդանում» կայացած «Արարատ»- «Ախթամար» խաղում՝18-0:
28. Ամենաարտասովոր հաշիվը գրանցվել է 1992թ. հուլիսի 26-ին Մարտունիում կայացած «Ալաշկերտ»- «Սյունիք» խաղում՝ 8-9:
29. «Լոռին» 1997թ. առաջնության մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել է և միայն վերջին տուրում է անդրանիկ միավորը վաստակել: 2007թ. էլ «Կիլիկիան» վերջնագծում է 17 անընդմեջ պարտություն կրել: «Լեռնային Արցախն» էլ 2022/23թթ. առաջնության 18-34-րդ տուրերում է բոլոր 17 խաղերում զիջել մրցակիցներին:
30. «Ցեմենտի» ֆուտբոլիստները 1998թ. առաջնությունում անցկացրած բոլոր 25 հանդիպումներում էլ գոլի հեղինակ են դարձել՝ ընդհանուր առմամբ 67 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:
31. Էջմիածնի «Զվարթնոցը» 1992թ. առաջնությունում 28 խաղ շարունակ (2-29-րդ տուրեր) դաշտից չի հեռացել առանց գոլ խփելու:
32. Հայաստանի առաջնություններում ամենաերկար գոլային շարքը գրանցվել է «Փյունիկի» օգտին: 2003թ. առաջնության 3-րդ տուրից սկսած (27.04 «Արաքս»՝ 11-0) մինչև 2004թ. առաջնության 26-րդ տուրը (07.11 «Կիլիկիա»՝ 2-2) փյունիկցիները 52 խաղ շարունակ դարձել են գոլի հեղինակ:
33. «Շիրակ-2-ը» 1998թ. առաջնության մեկնարկային 10 խաղերում չի կարողացել գեթ մեկ գնդակ խփել: Միայն 11-րդ տուրում «Շիրակի» հետ հանդիպման 27-րդ րոպեին է Արտյոմ Հակոբյանին հաջողվել բացել թիմի գոլերի հաշիվն առաջնությունում՝ վերջ դնելով 926 րոպե տևած գոլային երաշտին, ինչը հակառեկորդ է:
34. «Լեռնային Արցախը» 2022/23թթ. առաջնության 36 հանդիպումներից 24-ում (խաղերի 66,6 տոկոսը) չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները:

35. «Շիրակը» 1992թ. առաջնության մեկնարկային 8 խաղերում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի շիրակցիներն անցկացրած 33 խաղերից 21-ում գոլ բաց չեն թողել, ինչը ևս ռեկորդ է:
36. «Ազնավուրը» (1995/96թթ.՝ 22 խաղում), «Լոռին» (1997թ.՝ 18 խաղում, 2001թ.՝ 21 խաղում), «Դվինը» (1999թ.՝ 28 խաղում), «Գյումրին» (1999թ.՝ 32 խաղում) և «Երևանը» (2019/20թթ.՝ 15 խաղում) առաջնության և ոչ մի խաղում սեփական դարպասն անառիկ չեն պահել:
37. Առավելագույն թվով ֆուտբոլիստներ (52) խաղացել են «Արարատում» 2016/17թթ. առաջնությունում:
38. Առավել կայուն կազմով աչքի են ընկել «Արարատը», ՀՄԸՄ-ն, «Շիրակը» (բոլորն էլ՝ 1994թ.), «Փյունիկը» (1997թ.) և «Դվինը» (1998թ.), որոնք ասպարեզ են դուրս բերել 18-ական ֆուտբոլիստի:
39. Մեկ մրցաշրջանում առավելագույն քանակի 11մ հարվածներ են նշանակվել «Վեստ Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում՝ 28 (2023/24թթ.), որից իրացվել են 23-ը:

40. Առավել հաճախ՝ 17 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել «Բանանցը» (1992թ.), որից իրացվել է 14-ը:
41. 11մ հարվածով առավել հաճախ՝ 21 անգամ պատժվել է «Վեստ Արմենիան» (2023/24թթ.): Այդ հարվածներից 17 -ն անվրեպ են իրացվել:
42. Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է «Արարատը»`1999թ. նպատակին հասցնելով բոլոր 12 հարվածները:
43. Առաջնության հանդիպումներում բոլորից կոռեկտ են գործել «Շիրակ-2-ի» ֆուտբոլիստները, որոնք 1998թ. ընդամենը 3 զգուշացում են ստացել: Իսկ ահա «Լեռնային Արցախը» 2022/23թթ. առաջնությունում տխուր ռեկորդ սահմանեց: 36 հանդիպումներում արցախցիներից 4-ը հեռացվեցին խաղադաշտից, 92 անգամ զգուշացվեցին:


