FastNews-ը ներկայացրել էր Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդների 1-ին մասը: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդների ավարտական՝ 2-րդ մասին:
1.Պաշտոնական մրցումներում ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրած խաղերի քանակով (852) ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է: Խաղերից 93-ը նա անցկացրել է «Փյունիկում», 650-ը՝ արտերկրի 7 ակումբներում, 95 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 14 անգամ էլ՝ երիտասարդական հավաքականներում: Նա հայ ֆուտբոլիստներից բոլորից շատ խաղ է անցկացրել արտերկրի ակումբներում:
2. Հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (605) ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է: Նրան է պատկանում նաև պաշտոնական մրցումներում միևնույն թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդը: Հովսեփյանը «Փյունիկի» կազմում 473 խաղի է մասնակցել: Այդ խաղերից 365-ը Հովսեփյանն անցկացրել է Բարձրագույն խմբում, 66-ը՝ ՀՀ գավաթի, 3-ը՝ Սուպերգավաթի, 26-ը՝ Եվրագավաթների, 13-ը՝ «Համագործակցության գավաթի» խաղարկություններում:
3. Գործող ֆուտբոլիստներից հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ռեկորդակիրը Հրայր Մկոյանն է՝ 510: «Շիրակի» ավագը գործող ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 369 խաղ է անցկացրել Fastex Պրեմիեր լիգայում:
4. Բարձրագույն խմբի առաջին 20 առաջնությունների միակ մասնակիցը նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանն է: Նա ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) յուրօրինակ ռեկորդակիրն է: Թահմազյանին է պատկանում նաև միևնույն թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդային ցուցանիշը: Նա «Շիրակի» կազմում Բարձրագույն խմբում 378 խաղ է անցկացրել:
5. 21-րդ դարում անցկացված Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումների է մասնակցել 2024թ. ֆուտբոլային կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանը՝ 404: Նա 21-րդ դարում 400 խաղի սահմանագիծը հատած միակ ֆուտբոլիստն է:
6. Դարպասապահներից Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Գևորգ Կասպարովն է, որը 348 անգամ պաշտպանել է իրեն վստահված դարպասը: Նա ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից միակ դարպասապահն է, որ հատել է 300 խաղի սահմանագիծը: Կասպարովը յուրօրինակ ռեկորդակիր է նաև Բարձրագույն խմբում անցկացրած մրցաշրջանների քանակով (1997-2002, 2004-2006, 2008-2020/21թթ.)՝ 22:
7. Այլազգի ֆուտբոլիստներից հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է՝ 293: Նա այլազգի ֆուտբոլիստներից ռեկորդակիր է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով՝ 230:
8. Այլազգի դարպասապահներից ռեկորդակիրը սերբ Օգնյեն Չանչարևիչն է, որը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ 249 խաղ է անցկացրել: Նա այլազգի դարպասապահներից ռեկորդակիր է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով՝ 183:
9. Մեկ մրցաշրջանում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներն են փյունիկցի Կամո Հովհաննիսյանը և «Միկայի» կիսապաշտպան Վարդգես Սաթումյանը, որոնք 2012/13թթ. առաջնությունում մասնակցել են բոլոր 42 հանդիպումներին:
10. «Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանը 1993թ. մայիսի 20-ին «Ցեմենտի» հետ խաղից մինչև 1999թ. հուլիսի 5-ին «Գյումրիի» հետ կայացած խաղն անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 154 հանդիպումներին:
11. Փյունիկցի Արթուր Յուզբաշյանը 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 72 հանդիպումներին:
12. Դարպասապահներից Վսևոլոդ Երմակովը 2021թ. օգոստոսի 2-ից մինչև 2023թ. հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել է նախ «Արարատի», այնուհետև «Արարատ-Արմենիայի» անցկացրած առաջնության բոլոր 70 հանդիպումներին:
13. Բարձրագույն խմբում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Լոռիի» խաղացող Կորյուն Բաբայանն է, որը նորամուտը նշել է 14 տարեկան 239 օրականում՝ 2001թ. հուլիսի 1-ին մասնակցելով «Դինամոյի» հետ հանդիպմանը:
14. Իսկ ամենատարեց ֆուտբոլիստն Ազատ Մանգասարյանն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 46 տարեկան 119 օրականում` 1994թ. մայիսի 5-ին Գորիսի «Զանգեզուրի» կազմում մասնակցելով «Լոռիի» հետ մրցավեճին:
15. Ամենաերիտասարդ դարպասապահն Ապուլա Բետեն է, որը «Փյունիկում» նորամուտը նշել է 16 տարեկան 23 օրականում 2002թ. հուլիսի 10-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում:
16. Ամենատարեց դարպասապահը Գևորգ Կասպարովն է, որն իր վերջին հանդիպումը ՀՀ առաջնություններում անցկացրել է 40 տարեկան 140 օրականում` 2020թ. դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում պաշտպանելով «Շիրակի» դարպասը:
17. Ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Բալեպ Բա Նդումբուկն է: Նա 2003թ. մայիսի 31-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած խաղում «Փյունիկի» կազմում նորամուտը նշել է 15 տարեկան 219 օրականում:
18. Ամենատարեց լեգեոնականը «Միկայի» ռուս պաշտպան Սերգեյ Գոռլուկովիչն է, որը 2002թ. մայիսի 5-ին «Շիրակի» հետ կայացած խաղում 40 տարեկան 168 օրական էր:
19. Ամենատարեց այլազգի դարպասապահը ռուս Նիկոլայ Ցիգանն է, որը 2021թ. դեկտեմբերի 5-ին «Նոայի» հետ խաղում «Վանի» դարպասը պաշտպանել էր 37 տարեկան 118 օրականում:
20. Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը «Շիրակում» և «Միկայում» խաղալիս ընդհանուր առմամբ արժանացել է 19 մրցանակի: Թահմազյանը 3 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ պատվո շրջան է կատարել ՀՀ գավաթով, 4 անգամ՝ Սուպերգավաթով, 7 անգամ դարձել է արծաթե, 3 անգամ՝ բրոնզե մրցանակակիր: Նա նաև ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է՝ 13 անգամ դառնալով մրցանակակիր:
21. Առավել հաճախ՝ 10 անգամ չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա 7 տարի շարունակ (2004-2010թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը ևս ռեկորդային արդյունք է: Հովսեփյանը չեմպիոնի տիտղոսին արժանացած ամենատարեց ֆուտբոլիստն է: 2010թ. նա ոսկե մեդալի է արժանացել 38 տարեկանում:
22. Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը 15-ամյա Էդգար Մանուչարյանն է, որը 2002թ. «Փյունիկում» իր առաջին պարգևն է ստացել:
23. Հայկական ակումբները գլխավորած մարզիչներից ամենատիտղոսակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերը 16 մրցանակ են նվաճել: Վարդան Մինասյանը «Փյունիկում» և «Արարատ-Արմենիայում» աշխատելիս իր սաների հետ 6 անգամ չեմպիոն է հռչակվել, 1-ական անգամ դարձել է արծաթե և բրոնզե մրցանակակիր, 3 անգամ՝ ՀՀ գավաթակիր, 5 անգամ՝ սուպերգավաթակիր:
Մարզչական կարիերայում նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով (6) Վարդան Մինասյանը ևս յուրօրինակ ռեկորդակիր է: Նրա գլխավորությամբ 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկը» (2004, 2008-2010թթ.), 2 անգամ էլ չեմպիոնական բարձունքի է հասել «Արարատ-Արմենիան» (2018/19-2019/20թթ.):
24. Անդրանիկ Ադամյանը ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր մարզիչն է՝ «Շիրակին» 10 անգամ դարձնելով մրցանակակիր: 1992-2004թթ. անփոփոխ գլխավորելով «Շիրակը», Ադամյանի սաները 3 անգամ հռչակվել են երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել են արծաթե, 2 անգամ` բրոնզե մրցանակակիր:
25. Բոլորից հաճախ`12 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել Հենրիխ Մխիթարյանը: Նա միակն է, որ դափնեկիր է դարձել 7 տարի շարունակ (2011-2017թթ.):
26. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած ամենատարեց ֆուտբոլիստը Սարգիս Հովսեփյանն է, որը 2008թ. մրցանակը ստացել է 36 տարեկանում:
27. Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել:
28. Թիմից թիմ տեղափոխությունների քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում Նարիմանյանը հասցրել է 1995-2006թթ. կրել 13 թիմերի («Կոտայք-2», «Երևան», «Կոտայք», «Էրեբունի-ՀՄՄ», «Ղարաբաղ», «Զվարթնոց», «Սպարտակ», «Բանանց», «Արաքս», «Միկա», «Արարատ», «Լեռնագործ» Երևան, «Ուլիս») մարզաշապիկները՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 192 խաղ: Առավել երկար՝ 1999-2000թթ. նա հանդես է եկել «Զվարթնոցում»՝ մասնակցելով առաջնության 40 խաղի:
29. Պաշտոնական մրցումներում առավել հաճախ՝ 163 անգամ (471 խաղում) դարպասն անառիկ է պահել Գևորգ Կասպարովը: Նա նաև ռեկորդակիր է ՀՀ առաջնություններում անցկացրած «չոր» խաղերի քանակով՝ 123 (348 խաղից):
30. Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել: Նրան է պատկանում նաև առաջնության մեկնարկից դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (681) ռեկորդային ցուցանիշը, որ գրանցվել է 1992թ.:
31. 2002թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել:
32. Մեկ մրցաշրջանում բոլորից հուսալի է գործել «Փյունիկի» դարպասապահ Արմեն Ավագյանը, որը 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում բաց է թողել ընդամենը 0,29 գոլ (5 գոլ 17 խաղում):
33. ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի Ապուլա Բետեն: Նա 2002-2005թթ. «Փյունիկի» կազմում անցկացրած 58 խաղում բաց է թողել 31 գոլ կամ միջինը մեկ խաղում` 0,53 գնդակ:
34. Յուրօրինակ ռեկորդակիր է «Արարատի» նախկին դարպասապահ Արմեն Պետրոսյանը, որը 12 խաղում հանդես է եկել որպես դաշտային ֆուտբոլիստ ու դարձել է 4 գոլի հեղինակ:
35. Մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով առավել հաճախ՝ 6 անգամ (1993, 1994, 1995, 1998, 1999, 2001թթ.) առաջնության ամենահուսալի դարպասապահ է ճանաչվել Հարություն Աբրահամյանը:
36. Մեկ մրցաշրջանում անխոցելիության գործակցով (միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով) առավել հաճախ` 3-ական անգամ առաջնության ամենահուսալի դարպասապահ են ճանաչվել «Միկայի» դարպասի նախկին պահապան Ֆելիքս Հակոբյանը (2001, 2006, 2007թթ.) և փյունիկցի Գոռ Մանուկյանը (2012/13, 2015/16, 2016/17թթ.):
37. «Շիրակի» նախկին հարձակվող Անդրանիկ Բարիկյանը հայկական ֆուտբոլում յուրօրինակ ռեկորդակիր է ստացած քարտերի ընդհանուր քանակով: Պաշտոնական 356 հանդիպումներում նա 10 անգամ հեռացվել է խաղադաշտից, 99 անգամ էլ արժանացել է դեղին քարտի: Ընդ որում 85 անգամ (6 կարմիր, 79 դեղին քարտ) Բարիկյանը մրցավարների կողմից պատժվել է ՀՀ առաջնություններում անցկացրած 291 հանդիպումներում, ինչը ևս տխուր ռեկորդ է: Միայն իր կարիերայի սկզբում՝ 1998թ. «Շիրակ-2-ում» խաղալիս Բարիկյանը ոչ մի անգամ մրցավարների ուշադրությանը չի արժանացել:
38. Դարպասապահներից ՀՀ առաջնությունների յուրօրինակ ռեկորդակիրը «Ցեմենտում», «Լեռնագործում», «Սպարտակում», «Միկայում» և «Արարատում» ընդհանուր առմամբ 177 խաղ անցկացրած Գառնիկ Հովհաննիսյանն է, որը 3 անգամ հեռացվել է խաղադաշտից, 17 անգամ էլ զգուշացվել է:
39. Մեկ մրցաշրջանում ստացած քարտերի քանակով յուրատեսակ ռեկորդ է սահմանել սերբ պաշտպան Գորան Օբրադովիչը, որը 2012/13թթ. առաջնությունում «Գանձասարում» անցկացրած 39 հանդիպումներում 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, 11 անգամ՝ զգուշացվել:
40. Դարպասապահներից մեկ մրցաշրջանում առավել շատ՝ 6-ական զգուշացում են ստացել ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչը (2022/23թթ.) և փյունիկցի Ստանիսլավ Բուչնևը (2023/24թթ.): 5-ական քարտեր են ստացել Դմիտրի Վորոբյովը («Բանանց», 2003թ.), Գառնիկ Հովհաննիսյանը («Արարատ», 2007թ.), Մարտիկ Մկրտումյանը («Կիլիկիա», 2008թ.), Նորայր Աբրահամյանը («Շիրակ», 2009թ.), Գևորգ Կասպարովը («Միկա», 2012/13թթ.), Վալերիո Վիմերկատին («Նոա», 2019/20թթ.), Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ», 2021/22թթ.) և Հենրի Ավագյանը (ԲԿՄԱ, 2022/23թթ.):
Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդները (մաս 1-ին)