Logo

Հայաստանի առաջնությունների անհատական բացառիկ ռեկորդները (մաս 1-ին)

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:47 / 22.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը ներկայացրել էր հայկական ակումբների սահմանած թիմային բացառիկ ռեկորդները: Այսօր կանդրադառնանք անհատական ռեկորդներին՝ ներկայացնելով դրանց առաջին մասը:

1.Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, որը պաշտոնական մրցումներում 238 գոլ է խփել: Գոլերից 36-ը նրա օգտին գրանցվել է «Փյունիկում», 161-ը՝ արտերկրի 7 ակումբներում խաղալիս, 32 անգամ Մխիթարյանն աչքի է ընկել Հայաստանի ազգային, 9 անգամ էլ՝ երիտասարդական հավաքականներում: Մխիթարյանը նաև արտերկրի ակումբներում բոլորից շատ գոլ խփած հայաստանցի ֆուտբոլիստն է:

2. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն Արսեն Ավետիսյանն է: Նա «Փյունիկում», «Արարատում», «Զվարթնոցում» և «Գանձասարում» խաղալիս ընդհանուր առմամբ 197 գոլ է խփել:

Արսեն Ավետիսյանը ռեկորդակիր է նաև միևնույն թիմի («Փյունիկի») կազմում ինչպես բոլոր մրցաշարերում (186), այնպես էլ ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով (154):

3. Գործող ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում բոլորից շատ գոլ է խփել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն՝ 76: «Փյունիկի» նիգերիացի հարձակվողը նաև ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է: Նա այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ գոլ է խփել Fastex Պրեմիեր լիգայում միևնույն թիմի («Փյունիկի») կազմում՝ 49:

4. Այլազգի ֆուտբոլիստներից պաշտոնական մրցումներում բոլորից արդյունավետ է գործել բրազիլացի Մարկոս Պիզելին, որը հայկական ակումբներում և Հայաստանի հավաքականում անցկացրած հանդիպումներում 95 գոլի հեղինակ է դարձել:

5. 21-րդ դարում անցկացված Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստն Արամ Հակոբյանն է, որի հաշվին 93 գոլ է գրանցված:

6. Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել:

7. Այլազգի ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում առավել արդյունավետ է գործել Մորի Կոնեն՝ 2019/20թթ. առաջնությունում «Շիրակում» խփելով 23 գոլ:

8. Օրացուցային մեկ տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրներն են Արման Քարամյանն (2002թ., «Փյունիկ») ու Արա Հակոբյանը (2003թ., «Բանանց»), որոնք դարձել են 50-ական գոլի հեղինակ:

9. 1993թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ`անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գնդակ): ՀՀ առաջնությունների միջին արդյունավետությամբ էլ Աշոտ Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդակիր է: Նա 1992-1993թթ. անցկացրած 43 խաղում խփել է 54 գնդակ, միջինը մեկ խաղում`1,25 գոլ:

10. Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել արարատցի Վահե Յաղմուրյանը, որը 1992թ. հունիսի 11-ին 8 անգամ գրավել է Սևանի «Ախթամարի» դարպասը:

11. Լեգեոնականներից մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին, որը 2019թ. դեկտեմբերի 1-ին «Երևանի» հետ խաղում 5 գոլի հեղինակ է դարձել:

12. ՀՀ առաջնություններում միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է Միհրան Մանասյանը՝ 21 անգամ աչքի ընկնելով «Արարատի» հետ հանդիպումներում: Այդ գոլերից 17-ը նա խփել է «Ալաշկերտում», 3-ը՝ «Գանձասար-Կապանում», մեկը՝ «Փյունիկում»:

13. Այլազգի ֆուտբոլիստներից միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» (12 գոլ) և «Փյունիկում» (7 գոլ) խաղալիս «Կիլիկիայի» հետ հանդիպումներում դարձել է 19 գոլի հեղինակ:

14. Մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը նախկին շիրակցի Անդրանիկ Բարիկյանն է, որն առաջնության հանդիպումներում 19 անգամ գրավել է «Արարատի» դարպասը:

15. Այլազգի ֆուտբոլիստներից մեկ թիմի կազմում խաղալիս միևնույն թիմի դարպասը բոլորից հաճախ գրավել է բրազիլացի Մարկոս Պիզելին: Նա «Արարատում» 12 գոլ է խփել «Կիլիկիային»:

16. ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է: 2002թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» կազմում նա «Արցախի» դարպասը գրավել է 15 տարեկան 209 օրականում: 15 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև նախկին փյունիկցիներ Նդումբուկ Բալեպ Բան (15 տարեկան 231 օրական, 2003թ.) և Հայկ Գևորգյանը (15 տարեկան 276 օրական, 1992թ.): 

17. Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994թ. ապրիլի 19-ին «Կանազի» կազմում 41 տարեկան 185 օրականում գրավել է «Կոտայքի»  դարպասը: ՀՀ առաջնություններում 41 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև Էդուարդ Հարությունյանն (1992թ.՝ «Կոտայք», 41 տարեկան 125 օրական) ու Էդիկ Ասոյանը (1992թ.՝ «Նաիրի», 41 տարեկան 66 օրական):

18. ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականը կամերունցի Նդումբուկ Բալեպ Բան է, որը 2003թ. հունիսի 12-ին «Փյունիկի» կազմում «Միկայի» դարպասը գրավել է 15 տարեկան 231 օրականում:

19. Գոլ խփած ամենատարեց լեգեոնականը «Նոայի» հարձակվող Դյուդոննե Մբոկանին է: Կոնգոյի ներկայացուցիչը 2023թ. հոկտեմբերի 30-ին «Ալաշկերտի» դարպասը գրավել է 37 տարեկան 342 օրականում: 

20. Փոխարինման դուրս գալիս առավել արդյունավետ են գործել Սեմյոն Մուրադյանն ու Արսեն Բալաբեկյանը՝ խփելով 21-ական գնդակ:

21. Մեկ մրցաշրջանում փոխարինման դուրս գալիս խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սեմյոն Մուրադյանն է: Նա  2012/13թթ. առաջնությունում «Միկայում» 15 անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Ընդ որում այդ մրցաշրջանում նա «Շիրակի» և «Բանանցի» հետ հանդիպումներում փոխարինման դուրս գալիս դարձել է դուբլի հեղինակ:

22. Ուշագրավ ռեկորդ է սահմանել Հայկ Հակոբյանը, որը 2002թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» կազմում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելով, դարձել է «Լոռիի» դարպասը խփած 3 գոլի հեղինակ: Այդ խաղում «Բանանցը» հաղթել է 10-0 հաշվով:

23. Առավել հաճախ`17-ական անգամ մեկ խաղում 3 և ավելի գոլերի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը՝ ֆուտբոլային փոքրիկ հրաշքներ գործելով: Այդ խաղերում Հակոբյանը դարձել է 57 գոլի հեղինակ, Ավետիսյանը՝ 56: Արան 12 անգամ մեկ խաղում խփել է 3 գոլ, 4 անգամ՝ 4, մեկ անգամ էլ՝ 5 գնդակ: Արսենը 12 անգամ մեկ խաղում 3 գնդակ է խփել, 5 անգամ էլ դարձել է ֆուտբոլային պոկերի հեղինակ:

24. Այլազգի ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 3 անգամ հեթ-տրիկի հեղինակ է դարձել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն:

25. Մեկ մրցաշրջանում ֆուտբոլային փոքրիկ հրաշքների քանակով յուրօրինակ ռեկորդակիրն Արա Հակոբյանն է, որը 2003թ. առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ է խփել (7 անգամ՝ 3 գոլ, մեկական անգամ՝ 4 և 5 գնդակ)՝ այդ հանդիպումներում իր օգտին ընդհանուր առմամբ գրանցելով 30 գոլ: Նա այդ մրցաշրջանում ևս մեկ տպավորիչ նվաճման հասավ՝ 4 խաղ անընդմեջ նվազագույնը խփելով 3-ական գնդակ («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):

26. Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Արա Հակոբյանը: 2003թ. նա «Բանանցում» առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չի հեռացել առանց գոլի` ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ է գրանցել: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ է դարձել՝ խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել է 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:

27. Արդյունավետ խաղերի մեկ այլ տպավորիչ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը: 2006թ. առաջնությունում նա «Կիլիկիայում» 4 խաղ անընդմեջ գոլի հեղինակ դառնալուց հետո բաց է թողել իր թիմի հաջորդ 4 հանդիպումները, այնուհետև տեղափոխվելով «Արարատ»՝ 8 խաղ անընդմեջ դաշտից չի հեռացել առանց գոլի: Փաստորեն, Էրզրումյանն իր անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ 18 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

28. ՀՀ առաջնություններում առավել հաճախ՝ 28 անգամ 11մ հարված է կատարել Արա Նիգոյանը՝ դիպուկ իրացնելով դրանցից 26-ը (92,8 տոկոսը):

29. 10 և ավելի 11մ հարված կատարած ֆուտբոլիստներից 100 տոկոսանոց դիպուկությամբ աչքի են ընկել Հովհաննես Թումբարյանը (12-ից՝ 12) և ռումինացի պաշտպան Մարիան Տուդոր Զեչիուն (10-ից՝ 10):

30. Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը: Նա 1999թ. 11մ բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին:

31. 1994թ. հունիսի 25-ին շիրակցի Հարություն Վարդանյանը դիպուկ է իրացրել Ստեփանակերտի «Երազանքի» դարպասը նշանակված 11մ 3 հարվածներն էլ: 1999թ. հոկտեմբերի 17-ին «Գյումրիի» հետ խաղում ռեկորդային այդ ցուցանիշը կրկնել է «Երևանի» հարձակվող Վարազդատ Ավետիսյանը:

32. ՀՀ առաջնություններում դարպասապահներից առավել հաճախ՝ 9 անգամ 11մ հարվածները հետ է մղել Վահան Շմավոնյանը, որի դարպասին 4111մ հարված է նշանակվել:

33. Առավել հաճախ՝ 42 անգամ 11մ հարված է նշանակվել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասին, որից իրացվել է 33-ը: 6 անգամ Կասպարովը հետ է մղել գնդակը, 3 անգամ էլ մրցակիցներն են վրիպել:

34. Մեկ մրցաշրջանում առավել հաճախ`3-ական անգամ 11մ հարված են հետ մղել Հարություն Աբրահամյանը («Արարատ», 1992թ.), Գարեգին Նաջարյանը («Բանանց», 1992թ.), Արա Աբրահամյանը (ՀՄՄ-ՖԻՄԱ, 1992թ.), Բագրատ Ստեփանյանը («Քասախ», 1992թ.), Վահան Շմավոնյանը («Կանազ», 1993, 1994թթ.), Վաղարշակ Շահնազարյանը («Վան», 1994թ.), Վլադիմիր Մալկովը («Ուլիս», 2010թ.) և Արամ Հայրապետյանը («Արարատ», «Բանանց», 2016/17թթ.):

35. 2001թ. նոյեմբերի 28-ին «Լոռիի» հետ առաջնության խաղում «Արարատի» դարպասապահ Գեորգի Խաչատրյանը հետ է մղել իր դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ՝ հաղթող դուրս գալով Գագիկ և Վիլեն Հարությունյանների հետ մենամարտում:

36. Մեկ մրցաշրջանում բոլորից շատ 11մ հարված է նշանակվել Մարտունու «Ալաշկերտի» դարպասապահ Կամո Մոսոյանի պաշտպանած դարպասին: Վերջինս 1992թ. առաջնությունում 13 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ և միայն մեկ անգամ է հաղթող դուրս եկել՝ հետ մղելով 11մ հարվածը:

37. Առաջնության մեկ խաղում առավել հաճախ`3-ական անգամ 11մ հարված է նշանակվել Սպարտակ Գաբրիելյանի («Երազանք», 1994թ., բոլորն էլ իրացվել են), Կարեն Բաբայանի («Կիլիկիա», 1999թ., իրացվել է 2-ը), Հովհաննես Հովհաննիսյանի («Գյումրի», 1999թ., բոլորն էլ իրացվել են), Գևորգ Պրազյանի («Արարատ», 2009թ., իրացվել է 2-ը) և Գոռ Մանուկյանի («Վեստ Արմենիա», 2023/24թթ., բոլորն էլ իրացվել են) պաշտպանած դարպասներին:

38. Առավել հաճախ՝ 3-ական անգամ առաջնության լավագույն ռմբարկուներ են ճանաչվել Արսեն Ավետիսյանը («Փյունիկ», 1994թ.՝ 39 գոլ, 1995թ.՝ 12, 1996/97թթ.՝ 24), Արա Հակոբյանը («Դվին», 1998թ.՝ 20, «Արաքս», 2000թ.՝ 21, «Բանանց», 2003թ.՝ 45), Մարկոս Պիզելին («Արարատ», 2007թ.՝ 22, 2008թ.՝ 17, «Փյունիկ», 2010թ.՝ 16) և Միհրան Մանասյանը («Ալաշկերտ», 2013/14թթ.՝ 17, 2015/16թթ.՝ 16, 2016/17թթ.՝ 13):

39. Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ՝ Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը:

40. Ամենատարեցն Արթուր Քոչարյանն է, որը  35 տարեկանում «Ուլիսում» 15 գնդակով դարձել է 2009թ. առաջնության լավագույն ռմբարկու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա