FastNews-ը նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 15 և ավելի մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստներին: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը լեգեոնականների մոտ: Նրանց մեծամասնությունը սովորաբար կարճ ժամանակահատված անցկացնելով Հայաստանում, հեռացել է: Սակայն լեգեոնականների մեջ էլ կան ֆուտբոլիստներ, որոնք երկար տարիներ հանդես են եկել հայկական ակումբներում:
Այլազգի ֆուտբոլիստներից յուրօրինակ ռեկորդակիրն Անատոլի Այվազովն է, որը 11-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում: Ռուս դարպասապահն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում «Վեստ Արմենիայում» էր, իսկ օրերս տեղափոխվել է «Վան», որը նրա ֆուտբոլային կարիերայում կլինի հայկական 7-րդ ակումբը:
Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում»՝ նորամուտը նշելով 2014թ. սեպտեմբերի 13-ին «Արարատի» հետ կայացած 5-րդ տուրի խաղում: Նորամուտը հաջող ստացվեց: 18-ամյա դարպասապահը դարպասն անառիկ պահեց, իսկ նրա թիմակիցները 4 գոլ խփեցին: ««Փյունիկի» նորեկը մինչև առաջնության ավարտն առանց փոխարինման պաշտպանեց թիմի դարպասը՝ անցկացրած 24 հանդիպումներում բաց թողնելով նույնքան գնդակ: Այդ խաղերից 10-ում նա դարպասն անառիկ պահեց: Այվազովին հաջողվեց դարպասը 327 րոպե շարունակ անառիկ պահել ու տարիքային ռեկորդ սահմանել, ինչը մինչև օրս չի գերազանցվել:

«Փյունիկի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանը շատ հաջող էր Այվազովի համար, որը թիմակիցների հետ նվաճեց ՀՀ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Հաջորդ մրցաշրջանում Այվազովը «Փյունիկում» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր և առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 12 խաղում բաց թողնելով 11 գնդակ, 4 անգամ դարպասը պահելով անառիկ:
Առաջնության ավարտից հետո տեղափոխվելով «Շիրակ», Անատոլի Այվազովը 2 մրցաշրջաններում էլ հուսալիորեն պաշտպանեց գյումրեցիների դարպասը՝ հանդիսանալով թիմի հիմնական դարպասապահը:
Հետագա տարիներին խաղալով «Ուրարտուի», «Նոայի», «Ալաշկերտի» և «Վեսթ Արմենիայի» կազմերում, Այվազովն ավելի քիչ խաղաժամանակ է ստացել՝ չլինելով հիմնական դարպասապահը: Օրինակ, ընթացիկ առաջնության մեկնարկային 2 խաղերից հետո Այվազովն իր տեղը դարպասում զիջել է Անդրիա Դրագոևիչին:
«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի համար ընթացիկ առաջնությունը հոբելյանական՝ 10-րդն է: Նիգերիացի կիսապաշտպանը Հայաստանում հայտնվեց 2015թ. ամռանը՝ ընդգրկվելով նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր «Ուլիսի» կազմում: Սակայն առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո «Ուլիսը» լուծարվեց, որի պատճառով Ուդոն գարնանը ելույթները շարունակեց «Շիրակում»:
Գյումրեցիների կազմում 2,5 մրցաշրջան խաղալու ընթացքում նիգերիացի ֆուտբոլիստը թիմակիցների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ արժանացավ արծաթե և բրոնզե մեդալների:

Հաջորդ մրցաշրջանում Ուդոն տեղափոխվեց «Ուրարտու», որի կազմում իր երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց և առաջնության ավարտից հետո վերադարձավ «Շիրակ»: 2020/21թթ. առաջնությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը շիրակցի իր մի խումբ թիմակիցների հետ դիմավորեց «Արարատում», որի կազմում մասնակցելով աշնանային հատվածի հանդիպումներին, մեկնեց Ղազախստան:
Կարագանդայի «Շախտյորում» և «Ատիրայուում» խաղալուց հետո Ուդոն 2021/22թթ. առաջնության գարնանային հատվածն անցկացրեց «Արարատ-Արմենիայում», որի կազմում հաջորդ մրցաշրջանում էլ խաղալուց հետո կրկին կարճ ժամանակով մեկնեց Ղազախստան՝ ընդունելով «Կասպիի» հրավերը:
Հայաստանյան կարիերայում նիգերիացի ֆուտբոլիստն առայժմ իր ամենամեծ հաջողությանը հասել է «Փյունիկում»՝ նախորդ մրցաշրջանում թիմակիցների հետ արժանանալով չեմպիոնի ոսկե մեդալի: Ընթացիկ առաջնության մասնակիցներից Ուդոն Fastex Պրեմիեր լիգայում բոլորից շատ խաղ (202) անցկացրած այլազգի ֆուտբոլիստն է: Նա եզրափակում է Հայաստանի առաջնությունների ամենափորձառու այլազգի ֆուտբոլիստների եռյակը՝ զիջելով միայն բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվային (230) և կոլումբիացի Վբեյմար Անգուլոյին (214): Վերջիններս Հայաստանում 9 մրցաշրջան են անցկացրել՝ հանդես գալով նաև ՀՀ ազգային հավաքականում:
Ալեքս Էնրիկե դա Սիլվան 2006թ. Հայաստանում իր մի քանի հայրենակիցների հետ միասին հայտնվեց Բրազիլիայում Արկադի Անդրեասյանի կատարած սելեկցիոն աշխատանքի արդյունքում: Բրազիլացի պաշտպանը մինչև վերջ հավատարիմ է մնացել «Միկային»՝ իր համար հարազատ դարձած թիմի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալով 2006-2014/15թթ. առաջնություններում:

Նա ոչ միայն հիանալի էր կատարում իր հիմնական խաղային պարտականությունները, այլև արդյունավետ էր գործում թիմի գրոհներին միանալիս՝ դառնալով 36 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշով Ալեքսը «Միկայի» ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստն է: Նա նաև թիմի ռեկորդակիրն է ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (230):
Վբեյմար Անգուլոն Հայաստանում ելույթները սկսել է 2015թ. օգոստոսին՝ միանգամից իր հաստատուն տեղն ամրագրելով «Գանձասար-Կապանի» հիմնական կազմում: Երբ 2020թ. աշնանը «Գանձասար-Կապանը» դադարեցրեց իր ելույթներն առաջնությունում, կոլումբիացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա», որտեղ 1,5 մրցաշրջան խաղալուց հետո նույնքան ժամանակահատվածում հանդես եկավ «Ալաշկերտում»:

Հայաստանում 8-րդ մրցաշրջանն է անցկացնում Օգնյեն Չանչարևիչը: Սերբ դարպասապահը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտի» դարպասը սկսել է պաշտպանել 2017/18թթ. առաջնության գարնանային հատվածից՝ նորամուտը նշելով 2018թ. փետրվարի 28-ին Երևանում «Շիրակի» հետ կայացած առաջնության խաղում: «Ալաշկերտում» իր առաջին մրցաշրջանում Չանչարևիչը 13 հանդիպումներում նույնքան գոլ բաց թողեց, 5 անգամ դարպասը պահեց անառիկ:
2023թ. ձմռանը փորձառու դարպասապահը տեղափոխվեց «Նոա»՝ իր հուսալի խաղով նպաստելով թիմի հաջող մրցելույթներին թե առաջնությունում, թե եվրագավաթներում, միաժամանակ հանդիսանալով Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը:
Օգնյեն Չանչարևիչը հայկական թիմերի դարպասապահներից միակն է, որ եվրագավաթներում գոլի հեղինակ է դարձել: Նա Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ (183) անցկացրած և դարպասն առավել հաճախ (69 անգամ) անառիկ պահած այլազգի դարպասապահն է, տարիքային մի քանի ռեկորդների հեղինակ է:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից Ալեքսանդր Գլիշիչը 7-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում, Յուսուֆ Օտուբանջոյի, Խամես Սանթոսի, Խուան Բրավոյի, Միխայիլ Կովալենկոյի և Սերգեյ Վակուլենկոյի համար առաջնությունը 6-րդն է:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանում 6 և ավելի մրցաշրջան անցկացրած այլազգի ֆուտբոլիստների ցանկը:
|
Ֆուտբոլիստներ |
Մրց. |
Թիմ |
Խաղ |
Թվական |
|
1.Անատոլի Այվազով |
11 |
6 |
135 |
2014/15-2024/25 |
|
2.Սոլոմոն Իմե Ուդո |
10 |
6 |
202 |
2015/16-2024/25 |
|
3.Ալեքս դա Սիլվա |
9 |
1 |
230 |
2006-2014/15 |
|
4.Վբեյմար Անգուլո |
9 |
3 |
214 |
2015/16-2023/24 |
|
5.Օգնյեն Չանչարևիչ |
8 |
2 |
183 |
2017/18-2024/25 |
|
6.Վսևոլոդ Երմակով |
7 |
4 |
171 |
2016/17, 2018/19-2023/24 |
|
7.Գագա Թբիլաշվիլի |
7 |
4 |
165 |
2005-2011թթ. |
|
8.Նոա Կասուլե |
7 |
3 |
150 |
2007-2013/14 |
|
9.Մարկո Պրլևիչ |
7 |
2 |
143 |
2016/17-2022/23 |
|
10.Թենգիզ Ուգրեկելիձե |
7 |
1 |
140 |
2007-2013/14 |
|
11.Ուրոշ Նենադովիչ |
7 |
4 |
124 |
2016/17-2022/23 |
|
12.Գորան Օբրադովիչ |
7 |
4 |
113 |
2009, 2011-2015/16, 2017/18 |
|
13.Ալեքսանդր Գլիշիչ |
7 |
4 |
94 |
2018/19-2024/25 |
|
14.Դավիթ Խուրցիձե |
6 |
4 |
164 |
2014/15, 2019/20-2023/24 |
|
15.Դիդիե Բորիս Կադիո |
6 |
3 |
133 |
2012/13-2013/14, 2017/18, 2020/21-2022/23 |
|
16.Յուսուֆ Օտուբանջո |
6 |
2 |
133 |
2019/20-2024/25 |
|
17.Խամես Սանթոս |
6 |
4 |
132 |
2019/20-2024/25 |
|
18.Մարկոս Պիզելի |
6 |
2 |
128 |
2006-2011 |
|
19.Աննան Մենսահ |
6 |
4 |
126 |
2018/19-2023/24 |
|
20.Ջոնել Դեսիրե |
6 |
4 |
121 |
2018/19-2023/24 |
|
21.Խուան Բրավո |
6 |
3 |
114 |
2019/20-2024/25 |
|
22.Ռենատո դե Մորայես |
6 |
3 |
110 |
2004-2008, 2011 |
|
23.Միխայիլ Կովալենկո |
6 |
2 |
107 |
2019/20-2024/25 |
|
24.Էդվարդ Կպոդո |
6 |
4 |
98 |
2014/15-2019/20 |
|
25.Սերգեյ Վակուլենկո |
6 |
2 |
88 |
2019/20-2024/25 |


