Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանը Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի հանդիպումից առաջ հրաժեշտ կտա երկրպագուներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղից առաջ կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանին նվիրված փոքրիկ արարողություն։
Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» ստադիոնում կայացած Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում: Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 75 խաղի ու դարձել 14 գոլի հեղինակ:
Այս տարի 35-ամյա ֆուտբոլիստը կարևոր նվաճման հասավ կարիերայում՝ հատելով 500 հանդիպումների սահմանը: Անկախ Հայաստանի ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել գրանցել այդպիսի ցուցանիշ:
Ղազարյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: 10 տարի կիսապաշտպանը խաղացել է արտերկրում՝ արտասահմանյան 8 ակումբների կազմում մասնակցելով 5 երկրի՝ Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ), Ղազախստանի («Շախտյոր» Կարագանդա), Հունաստանի («Օլիմպիակոս», «Կերկիրա», «Լամիա»), Պորտուգալիայի («Մարիտիմու», «Շավիշ») և Կիպրոսի (ԱԵԼ) առաջնություններին:
Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում անցկացրել է 524 պաշտոնական հանդիպում և խփել է 103 գոլ։