Whoscored-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները Հայաստանի և 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի միջև Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի խաղում։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը։ Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպանը ստացել է 7․9 գնահատականը։
Հայաստանի հավաքականի կազմում լավագույնն է ճանաչվել «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը՝ 7․8 միավոր։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին 1-0 հաշվով: Միակ գոլը 13-րդ րոպեին խփել էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով Լուկա Մոդրիչի իրացրած անկյունայինից հետո։
4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։
Ալեքսանդր Պետրակով․ «Հպարտանում եմ, որ մարզում եմ այս տղաներին»
Զլատկո Դալիչ․ «Հայաստանի հավաքականի դարպասապահը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր»