Վարշավայում մեկնարկել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Տղամարդկանց մրցաշարում կանցկացվի 13 տուր, կանայք աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը կվիճարկեն 11 տուրում:
Մրցումների առաջին օրը կայացած 5 տուրերից հետո տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 9 շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը, որը վաստակած 4 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում:
Տիգրանը հաղթանակներ է տոնել Ստուվիկ Հոլմի, Պավել Չարնոտայի, Պավել Տեսլաֆի և Ալեքսեյ Սարանայի նկատմամբ: Միակ պարտությունը Պետրոսյանը կրել է 2-րդ տուրում Արջուն Էրիգաիսիի հետ պարտիայում:
Պետրոսյանը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Յան-Քշիշտոֆ Դուդայից, Մագնուս Կառլսենից և Բայադուր Ջոբավայից:
Սերգեյ Մովսեսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական միավոր, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 3-ական միավոր, Գաբրիել Սարգսյանի հաշվին գրանցված է 2,5, Հովհաննես Գաբուզյանի և Սամվել Տեր-Սահակյանի՝ 2-ական միավոր:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 3 միավորով ընթանում է 40-րդ հորիզոնականում:
Կանանց մրցաշարում 4 տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր, Սուսաննա Գաբոյանն ունի 1,5 միավոր: 4-ական միավորով առաջատարներն են Վալենտինա Գունինան և Ալեքսանդրա Կոստենյուկը: