Logo

Հայ լողորդները մեկնարկել են աշխարհի առաջնությունում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:10 / 24.07.2023Ջրային մարզաձևեր
null

Հայ մարզիկները սկսել են պայքարը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում։ Հայաստանը ներկայացված է լողի և ջրացատկի մրցումներում։

Արդեն մեկնարկել են մրցավայր մեկնած հայ չորս լողորդներից երեքը։ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր բաթերֆլյայի կանանց պայքարում 49 մասնակցի մեջ ցույց է տվել 37-րդ արդյունքը՝ 1 րոպե 02,41 վայրկյան։ Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցել է չինուհի Յուֆեյ Չանգը՝ 56,89 վայրկյան։

Տղամարդկանց 200 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 1:55.69 ցուցանիշով 72 լողորդի պայքարում գրավել է 54-րդ տեղը։ Որակավորման փուլում առաջինն է ամերիկացի Լյուկ Հոբսոնը (1։45.69)։

Աշոտ Չախոյանը 100 մետր բրասի մրցումներում 68 մասնակցի հաշվարկում 54-րդն է։ Նա մրցատարածությունը հաղթահարել է 1 րոպե 04,47 վայրկյանում։ Լավագույն արդյունքը սահմանել է չինացի Քին Հայանգը՝ 58,26 վայրկյան։

Մանուչարյանը և Բարսեղյանն իրենց լողահերթերում գրավել են առաջին, իսկ Չախոյանը՝ երկրորդ տեղը։ Սակայն, նրանց գրանցած արդյունքը չի բավարարել կիսաեզրափակիչ անցնելուն։

Լողի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանի ուղեկցությամբ մրցավայր է մեկնել նաև Անի Պողոսյանը, որը դեռ չի սկսել ելույթը։

Աշխարհի առաջնությունում նորամուտը նշած 15-ամյա ջրացատկորդուհի Ալիսա Զաքարյանը կանանց 10 մետր աշտարակացատկում 145,95 միավորով եզրափակել է 36 մասնակցից բաղկացած մրցաշարային աղյուսակը։ Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցել է չինուհի Քուան Հոնգչանը՝ 435,60 միավոր։

Նույն մրցաձևի տղամարդկանց մրցումներում վերջին՝ 40-րդ տեղն է գրավել Մարատ Գրիգորյանը, որը նույնպես առաջին անգամ է մասնակցել աշխարհի առաջնությանը։ Նրա ելույթը գնահատվել է 208 միավոր։ Որակավորման փուլում հաղթած չինացի Լյան Ջունը վաստակել է 466,90 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ