Հուշագրությունները շատ բան կարող են պատմել թե՛ գրողի, թե՛ նրա ստեղծագործական կյանքի, և թե՛ նրա ապրած ժամանակների մասին։
Այսպիսով, եթե կարդանք հայ գրողներից շատերի հուշագրությունները, մեզ համար շատ կարևոր ու հետաքրքիր տեղեկատվություններ կգտնենք իրենց, իրենց գրչակից ընկերների, իրենց ապրած ժամանակի և դժվարությունների մասին։
Այս անգամ առանձնացրել ենք 3 հայ գրողների հուշագրություններ, որոնք այնքան հյութեղ ու կենդանի լեզվով են գրված, որ կկարդաք նաև որպես գեղարվեստական գործ։
Շիրվանզադե․ Կյանքի բովից
«Կյանքի բովից», հայ արձակագիր Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքի հուշագրությունը, որը յուրովի ներկայացնում է նրա մանկությունը, պատակենությունը, երիտասարդությունը, գրական-գեղարվեստական գործունեությունը` ծանոթացնելով գրողի դժվարին կյանքին։
Ալեքսանդր Շիրվանզադեի կյանքն անցել է փորձությունների, խիզախ որոնումների ու մաքառման ճանապարհներով։ Դեռևս մանուկ հասակից կյանքը նրա համար խորթ մայր է եղել։ Նրա հայրը բարձրահասակ, խստադեմ, կապույտ աչքերով մի մարդ էր, իսկ և իսկ Բարխուդարը «Նամուս»-ի մեջ։ Նրա հայրը` այդ լռին և ինքնամփոփ մարդը, երբեք իր հայրական սերը չէր արտահայտում սովորական գորգուրանքով։ Զորեղ կամքի տեր, անողոք ու խիստ այդ մարդը մաքուր էր իր բարքի ու աշխատանքի մեջ և խիստ արդարամիտ, որի պատճառով էլ վայելում էր համաքաղաքացիների հարգանքը։ Սկզբում նա դերձակ էր, սակայն շուտով դեն նետեց ասեղը՝ միանալով շամախեցի բազմաթիվ տորոնչիների խմբին, որոնք կարմիր ներկի համար տորոն էին մատակարարում Մոսկվայի, Մարսելի, Մանչեսթերի մանուֆակտուրային ձեռնարկություններին և ֆաբրիկաներին։ Բավական շահավետ առևտրի շնորհիվ մի քանի տարի Մովսիսյանների ընտանիքը վարում էր բարվոք կյանք։ Տարվա զգալի մասը հայրն անց էր կացնում շրջակա գյուղերում ու քաղաքներում` տուն վերադառնալով գրեթե միայն ձմռան ամիսներին։

Ստեփան Զորյան․ Հուշերի գիրք
Հայպետհրատ, 1958
Ստեփան Զորյանի հուշերի այս գիրքը իսկական գանձարան է։ Այստեղ կգտնեք հուշեր հայ բազմաթիվ գրողների մասին։ Հետաքրքիր պատմություններ, ճակատագրական դրվագներ շատերի կյանքից, որոնք հավաքված են հայ գրողի այս հուշագրության մեջ։
Մի հատված՝ Զորյանի գրքից՝ Ղազարոս Աղայանի մասին․
«Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:
Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:
Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ ակնածանքով. անցնում է բժիշկ կամ իրավաբան` բարևները սիրալիր են և միշտ հարգալից:
Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչ.նրան բարևում են և անծանոթները: Ես ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր»:

Ավետիք Իսահակյան․ Իմ հուշերից
Ավետիք Իսահակյանը ապրել է երկար ու շատ հագեցած կյանք, եղել է շատ երկրներում, մտերիմ է եղել հայ մեծերից շատերի հետ։ Իր շփումների, կատարած ճանապարհորդությունների մասին նա տարբեր տարիներին բազմաթիվ հուշեր է գրել, որոնք էլ ամփոփվել են մեկ հատորում։ Չարենց, Տերյան, Կոմիտաս, Ալիշան և շատ այլ մեծանունների հետ կապված դրվագներ կգտնեք այս հուշերում։
Վահան Տերյանի մասին նա գրում է․
«Վահան Տերյանը իմ ամենա սիրելի բանաստեղծներից մեկն է։ Ավետիք Իշահակյանը իր հուշերից էր պատմել, թե ինչպես էր ծանոթացել Վահան ՏԵրյանի հետ, նրա ընտանիքի հետ և այլն։ Նա պատմում էր, որ Վահան Տերյանին, երբ առաջին անգամ տեսավ, նա մի անկյունում էր և ամաչում էր իրենից։ Պատմում էր, որ, երբ հարց էր տալիս կարմրում էր։ Բայց որոշ ժամանակ անց նրանք ընկերացան։ Նա Ավետիք Իսահակյանին ծանոթացրեց իր ընտանիքի հետ։ Նրանց ընտանիքում նրան անվանում էին Վանիկ։ Նրա մայրը մահացել էր և այդ պաճառով տան տիկինները իր քույրերն էին։ Վահան Տերյանը և իր մյուս եղբայրները դիմագծերով շատ նման էին իրենց հորը։ Տերյանը նրան մի քանի բանաստեղծություն ցույց տվեց որոնք ինքն էր գել, բայց նրան այնքան էլ դուր չեկավ։ Շատ ժամանակ անց Թիֆլիսում նրանք հանդիպեցին և Տերյանը ցույց տվեց իր բանաստեղծությունները որոնք պետք է գիրք դարձներ։ Ավետիք Իսահակյանին շատ դուր եկավ և նա հասկացավ, որ նա արդեն լավ բանաստեղծ է»։


