Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի 3 ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ ունեցավ Արթուր Դավթյանը: Վերջին՝ 11-րդ տուրում նա սևերով 37-րդ քայլին հաղթեց իսլանդացի Վատնար Ստեֆանսոնին և 7,5 միավորով զբաղեցրեց 10–րդ տեղը:
Արմեն Բարսեղյանը սպիտակներով 75-րդ քայլին հաշտություն կնքեց սերբ Լուկա Բուդիսավլևիչի հետ: Բարսեղյանը 6,5 միավորով զբաղեցրեց 27-րդ տեղը:
5 շախմատիստներ վաստակեցին առավելագույն՝ 8-ական միավոր: Բախտը ժպտաց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբեյլիին, որը լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց:
Աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը վերջնագծում անհաջող խաղաց: Վերջին տուրում մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի գործող չեմպիոնուհին սևերով 52-րդ քայլին հաշտություն կնքեց ղազախ Նազերկե Նուրգալիի հետ: Դա վերջին 3 տուրերում Մարիամի վաստակած առաջին կես միավորն էր: Հայ շախմատիստուհին 6,5 միավորով զբաղեցրեց 12–րդ տեղը:
Աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց 8,5 միավոր վաստակած ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևան, որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած ղազախ Ասել Սերիկբային: