Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն Թաիլանդի մայրաքաղաք Բանգոկում է, որտեղ առաջին մարզումն է անցկացրել։ ՀԲՖ-ն մարզումից հետո թիմային լուսանկար է հրապարակել։
Հայ բռնցքամարտիկները մայիսի 24-ից հունիսի 3-ը մասնակցելու են Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին։
Տղամարդկանց հավաքականից մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ) և Անի Հակոբյանը (66 կգ):
Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չի մասնակցելու մրցաշարին։
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները դեռևս Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն նվաճել: Թաիլանդում քաշային կարգերում խաղարկվող ուղեգրերի քանակը տարբեր է լինելու՝ մեկից մինչև չորս: Միայն տղամարդկանց պայքարում 71 կգ քաշային կարգում խաղարկվելու է հինգ ուղեգիր։


