Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանը («Ուրարտու»), Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ») և Արթուր Սերոբյանը (ԲԿՄԱ) Vivaro Media հեռուստաընկերության մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Սուքիասյանի հետ զրույցում խոսել են ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոակին Կապառոսի մասին։
Ժիրայր Մարգարյան․ «Հեռանալու վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց, հաշվի առնելով, որ առաջինը Կապառոսն է ինձ հրավիրել, միշտ վստահություն եմ զգացել նրա կողմից։ Բոլոր հավաքներին հրավիրվել եմ։ Ճիշտ է, շատ խաղաժամանակ չեմ ստացել, բայց, երևի, դա էլ իր պատճառներն է ունեցել»։
Հովհաննես Հարությունյան․ «Կապառոսը աշխատել է Լա Լիգայում և մեծ փորձ ունի։ Շատ հաճելի էր նրա հետ աշխատելը։ Առաջին անգամ հավաքական եմ հրավիրվել իր կողմից և ընթացքում շատ մեծ փորձ եմ կուտակել»։
Արթուր Սերոբյան․ «Կարծիքս դրական է թե՜ Կապառոսի, թե՜ մարզչական շտաբի վերաբերյալ։ Կապառոսը շատ լավ խորհուրդներ է տվել։ Նրանից շատ բան եմ սովորել տակտիկական առումով։ Ինձ և շատ երիտասարդ ֆուտբոլիստների առաջին անգամ շանս է տվել ազգային հավաքականում։ Շատ կցանկանայի աշխատանքս շարունակել իր հետ։ Մարզչի մասին միայն դրականը կարող եմ ասել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել էր, որ երկկողմանի համաձայնությամբ դադարեցվում է համագործակցությունն իսպանացի մասնագետի հետ։
Խոակին Կապառոսը 2020 թվականի մարտին էր նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ազգային թիմն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։ Այդ խաղերում իսպանացի մասնագետը դաշտ է դուրս բերել 47 ֆուտբոլիստի։