«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից (2-1) հետո խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին, հայտնում է իտալացի հեղինակավոր լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Ես պետք է կենտրոնանամ իմ ունեցածի վրա: Շատ լավ գիտենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը բարդ է: Տեսնենք՝ ինչ կլինի, բայց ես հանգիստ եմ: Մեզ մնում է միայն ամենայն բարիք մաղթել նրան ու իր ընտանիքին: Նա կատարեց իր ընտրությունը, բայց ինձ համար հաճելի չէր, որ նրա գործակալը տևական ժամանակ բանակցում էր ՊՍԺ-ի հետ: Մենք առաջ ենք շարժվում. ոչ ոք անփոխարինելի չէ»,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան ՊՍԺ է տեղափոխվել հունվարյան տրանսֆերային պատուհանին: 23-ամյա ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքել փարիզցիների հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը:
Խվիչան «Նապոլիին» միացել էր 2022 թվականի հուլիսին, թիմի կազմում մասնակցել էր 107 խաղի, որոնցում խփել էր 30 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: