Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի մասին:
«Ծանոթացել ենք մարզչի հետ։ Իհարկե, նրա համար դժվար է, քանի որ քիչ ժամանակ ունի, բայց ընդհանուր առմամբ նշել է, թե ինչ մտքեր ունի։ Շատ որակյալ մասնագետ է։ Հուսով եմ` մեծ հաջողությունների կհասնենք մարզչի հետ։ Թիմում ամեն ինչ լավ է, տրամադրությունը` շատ բարձր։ Գիտենք, թե ինչ հանդիպում է սպասում. մոտիվացիայի պակաս չունենք։
Փակագծեր չեմ բացի, թե մարզիչն ինչ է պահանջել մեզնից։ Նա պահանջներ է ներկայացրել կոնկրետ այս հանդիպման համար։ Այն, ինչ ասել է այս հանդիպման համար, մեզ համար հասկանալի է և պարզ»,- նշել է Հարոյանը։
Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում: