Հունգարիայի առաջնության 10-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Զալաեգերսեգին»։
Հյուրերի հաղթական գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը` 71-րդ րոպեին օգնելով գոլով աչքի ընկնել Դանիել Լուկաչին։
21-ամյա հայ ֆուտբոլիստը 61-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման և կատարել ընթացիկ մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունը։
«Պուշկաշ Ակադեմիան» 14 միավորով 7-րդն է, «Զալաեգերսեգը»` 7 միավորով 12-րդը։
Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է Տռնավայի «Սպարտակին»։
Գործող չեմպիոնից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը, որը նույնպես հաղթական ասիստ է գրանցել։ 60-րդ րոպեին նա գոլային փոխանցում է կատարել Սանդրո Կրուզին։
«Սլովանը» 21 միավորով երկրորդն է, «Սպարտակը»` 16 միավորով 5-րդ։


