Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացած վիճակահանության երրորդ զամբյուղում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել էր D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:
«Կարծում եմ՝ ամենաբարդ խումբը չէ: Մի փոքր տարբերվում է Ուելսի հավաքականը, որովհետև ֆիզիկապես շատ ամուր թիմ է: Այդպիսի թիմերի դեմ խաղալու փորձ արդեն ունեցել ենք:
Խորվաթիայի վերաբերյալ նոր ասելիք չունեմ: Այս խմբում բոլոր թիմերի դեմ էլ կարելի է կարելի է պայքարել»,- Հարոյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ին կմասնակցեն 24 հավաքականներ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն 10 ընտրական խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները։ Եվս 3 ուղեգիր կվիճարկվի Ազգերի լիգայի երրորդ մրցաշարում։ Եվրո-2024-ն ընդունող երկիր Գերմանիան չի մասնակցի որակավորման փուլին։
Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր անգլիացիներին: