«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն առաջիկա օրերին կարող է վերադառնալ ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղ:
Սերբ թենիսիստն այս պահին ունի 9795 միավոր և ընդամենը 20-ով է զիջում աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին: Օգոստոսի 28-ին մեկնարկում է ԱՄՆ-ի բաց առաջնությունը և այնտեղ Ալկարասը պետք է պաշտպանի 2000 միավորի արժեք ունեցող չեմպիոնի տիտղոսը, որպեսզի մնա 9815 միավորով:
Ջոկովիչը 2022-ին բաց է թողել US Open-ը, ուստի նրան ընդամենը 1 հաղթանակը բավական կլինի 20-ամյա իսպանացի թենիսիստին շրջանցելու համար:
Առաջին շրջանում 36-ամյա թենիսիստը մրցելու է ֆրանսիացի Ալեքսանդր Մուլերի հետ, որին նախկինում երբեք չի հանդիպել: Ալկարասի առաջին մրցակիցը գերմանացի Դոմինիկ Կոպֆերն է:
Հիշեցնենք, որ Ջոկովիչն ու Ալկարասը նախորդ անգամ կորտ են դուրս եկել Ցինցինատիի Մասթերսի եզրափակիչում, որտեղ հաղթել է սերբ թենիսիստը: