Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսը շատ կարճ է տևել Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպումից հետո: Ասուլիսի սկզբում ուկրաինացի մասնագետին հարց չեն ուղղել, ինչից հետո նա ՀՖՖ մամուլի քարտուղարին ասել է՝ «Չկա՞ն հարցեր, գնացինք»:
Սակայն քիչ անց խորվաթ լրագրողներից մեկը հարց է ուղղել մարզիչին՝ խնդրելով ամփոփել հանդիպումն ու նշել Լուկաս Սելարայանի փոխարինման պատճառները:
«Խաղացինք լավ թիմի դեմ, շնորհավորում եմ Խորվաթիային: Լուկաս Սելարայանը վնասվածք էր ստացել, ես փոխարինեցի նրան՝ ռիսկի չդիմելու համար»,- նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով և, D խմբում գրավելով երկրորդ տեղը, նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն խմբի հետնապահ Լատվիայից: