Լողի Հարավային Կորեայի հավաքականի 6 ներկայացուցիչներ լքել են Փարիզի օլիմպիական ավանը, հայտնում է RMC-ն։
Հարավկորեացի մարզիկները հանգրվանել են հյուրանոցում։ Նրանք դժգոհ են եղել տրանսպորտային հանգույցներից։ Մասնավորապես, լողորդներից մեկին դուր չի եկել, որ արագընթաց գնացքներում չկան օդորակիչներ։ Նա վագոնները համեմատել է շոգեբաղնիքի հետ` նշելով, որ դրանց ներսում շատ շոգ է։ Մարզիկներից մյուսն էլ բողոքել է, որ օլիմպիական ավանից մինչև լողավազան ճանապարհը տևել է 40-45 րոպե։
«Բացի այդ ավտոբուսների պատուհաններն ամրացված են։ Նրանք, հավանաբար, զգուշանում են ահաբեկչական հարձակումներից։ Պետք էր ինչ-որ կերպ լուծել այդ հարցը»,- բացատրել է լողորդ Կիմ Ու Մինն ավանը լքելու պատճառը։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի օլիմպիական հավաքականն արդեն հայտնվել էր սկանդալային իրավիճակում։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հաղորդավարները հարավկորեացիների պատվիրակությանը ներկայացրել են որպես Հյուսիային Կորեայի ներկայացուցիչներ։ ՄՕԿ-ը թույլ տված սխալի համար արդեն ներողություն է խնդրել նրանցից։


