Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը FastNews-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում իսլանդական «Վիկինգուրի» դեմ գրանցած ոչ-ոքին (0-0).
«Սպասելի էր, որ խաղում շատ մենապայքարներ են լինելու։ Ըստ իս` պետք է իրացնեինք առաջին խաղակեսում մեր ունեցած գոլային պահերը։ Այդ դեպքում խաղը կբացվեր, ու կկարողանայինք ավելի շատ մեր խաղը թելադրել մրցակցին։ Բայց ստացվեց այնպես, որ ոչ-ոքի գրանցեցինք։ Առջևում երկու խաղ ունենք և պետք է պայքարենք` հաղթանակի հասնելու համար։
Կարծում եմ` հոգեբանական խնդիր չունեինք այս խաղում։ Պարզապես չստացվեց հաղթել, ֆուտբոլում լինում է այսպես։ Հավանաբար, նկատել եք, որ «Նոան» միշտ խաղում է հաղթանակի համար, շարունակելու ենք նույն կերպ խաղալ նաև հաջորդ երկու հանդիպումներում»,- նշել է Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում 4 միավորով 27-րդ տեղում է։ «Նոան» մրցաշարում հաջորդ հանդիպումն անցկացնելու է դեկտեմբերի 12-ին, Երևանում մրցելու է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ։