Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի վերջին` 11-րդ մրցափուլում 3-1 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով հաղթանակներ տարան, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը` սևերով ոչ-ոքի գրանցեցին:
Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմն այս պահի դրությամբ 17 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի հավաքականին, որը դեռ չի ավարտել ԱՄՆ-ի դեմ մրցամարտը:
Հնդկաստանի հավաքականը վերջին տուրում 3,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին և 19 միավորով առաջատարն է:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Վիետնամին (3-1), Չինաստանին (2,5-1,5), Մոնղոլիային (3,5-0,5) ոչ-ոքի գրանցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հետ (2-2), պարտվել Հնդկաստանին (1,5-2,5):


