Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում սեպտեմբերի 15-ին տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները:
Կանանց Հայաստանի հավաքականը կհանդիպի Չինաստանի թիմին: Երկու հավաքականներն էլ ունեն 8-ական միավոր և բաժանում են 1-7-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականը նախորդ չորս տուրերում հաղթանակներ էր տարել: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին, երկրորդ տուրում նույն հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի թիմի նկատմամբ, երրորդ տուրում 3-1 հաշվով գերազանցել էր Հունգարիայի երկրորդ թիմին, իսկ չորրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Վիետնամին:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Շվեդիան: Երկու հավաքականներն էլ ունեն 6-ական միավոր և բաժանում են 13-49-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակից հետո նախորդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվել էր Չինաստանին: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մալթային, երկրորդ տուրում 3-1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի թիմի նկատմամբ, երրորդ տուրում էլ նույն հաշվով գերազանցել էր Բրազիլիային:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ից:
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Սեպտեմբերի 17-ը հանգստյան օր է։