Logo

Համահայկական խաղերի պատմության թոփ-15 մարզիկները

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
10:22 / 27.12.2023Այլ մարզաձևեր
Բացառիկ
null

Համահայկական խաղերը թեև հետաքրքիր են մարզական տեսանկյունից, սակայն հազվադեպ են աչքի ընկնում ուժեղ մրցակցությամբ։ Սփյուռքում բնակվող հայ հայտնի մարզիկները հազվադեպ են մասնակցում Խաղերին, սփյուռքից ժամանածների մեծ մասը սիրողական մարզիկներ են, այդ պատճառով որոշ մրցումներ երբեմն վերածվում են Հայաստանի ներքին առաջնության։ Այնուամենայնիվ, Համահայկական 8 խաղերի ընթացքում եղել են նաև մասնակիցներ, որոնց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև` համաշխարհային սպորտում։

Vnews-ը ներկայացնում է Համահայկական խաղերի պատմության թոփ-15 մարզիկներին։

15․ Լիլիթ Մկրտչյան, հրաձգություն, Գյումրի, 2023

2022 թվականը հաջող էր տաղանդավոր մարզուհու համար, նա կարիերայում առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը և բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի առաջնության 10մ ատրճանակից շարժվող թիրախ մրցաձևում: Մկրտչյանը մասնակցեց նաև 8-րդ Համահայկական խաղերին ու վստահորեն նվաճեց չեմպիոնի կոչումը:

14․ Մանուել Պետրոսյան, շախմատ, Ստեփանակերտ, 2011

Շախմատի մրցաշարում կա մասնակցության մաքսիմալ վարկանիշ՝ 2300, այդ պատճառով շախմատային պայքարին Հայաստանից մասնակցում են հիմնականում պատանի շախմատիստները, որոնցից ոմանք հետագայում դառնում են ճանաչված գրոսմայստերներ։ 2015-ին Ստեփանակերտը ներկայացնում էր 17-ամյա Մանուել Պետրոսյանը, որը զբաղեցրեց երրորդ տեղը։ Մեկ տարի հետո Պետրոսյանը դարձավ Մ18 Եվրոպայի ու  աշխարհի չեմպիոն, ևս մեկ տարի անց արժանացավ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը։ 2022-ին Պետրոսյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և իրավունք ստացավ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել 44-րդ Համաշխարհային օլիմպիադային ու դարձավ փոխչեմպիոն։

13․ Վարդիթեր Պողոսյան, Երևան, բադմինտոն, 2011

Վարդիթեր Պողոսյանը ԽՍՀՄ լավագույն բադմինտոնիստուհիներից էր, 1981-ին զուգախաղում Սվետլանա Բելյասովայի հետ դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն, նույն թվականին Բելյասովայի հետ միասին հաղթել էր բադմինտոնի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Բազմիցս ներկայացրել է ԽՍՀՄ-ը Եվրոպայի անհատական ու թիմային առաջնություններում, հատկապես տպավորիչ է եղել 1982-ին գերմանական Բյոբլինգենում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնությունում ելույթը։ Թեև ԽՍՀՄ հավաքականը զբաղեցրել էր միայն 5-րդ տեղը, բայց Պողոսյանը հաղթել էր իր բոլոր՝ երեք մրցախաղերում՝ դրանցից մեկում պարտության մատնելով հայտնի հոլանդուհի Վան Բեյսեկին։ Վարդիթեր Պողոսյանը ևս մասնակցել է 5-րդ Համահայկական խաղերին ու դարձել չեմպիոն զուգախաղում։ Վերջին տարիներին Պողոսյանն օգնում էր իր եղբոր դստերը՝ Հայաստանի ուժեղագույն բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանին, որը 2023-ին ավարտեց կարիերան վնասվածքների պատճառով։

12․ Հայկ Գյոկչյան, բասկետբոլ, Բևերլի Հիլզ, 2019

Ծնունդով երևանցի Գյոկչյանը մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել էր Բեյրութ ու դարձել Լիբանանի քաղաքացի։ Հետագայում՝ 17 տարեկանում, Հայկը տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ շարունակել էր բասկետբոլային կարիերան, Ֆրանկլին և Մարշալի քոլեջի թիմի կազմում մասնակցել NCAA-ի երրորդ դիվիզիոնի առաջնություններին։ 2013-ին Գյոկչյանը վերադարձավ Բեյրութ, սկսեց ելույթ ունենալ հայկական ՀՄԸՄ-ի կազմում, դարձավ Լիբանանի լավագույն բասկետբոլիստներից մեկը ու հրավիրվեց Լիբանանի հավաքական, որի կազմում այս տարի մասնակցեց աշխարհի առաջնությանը։ 2019-ին Գյոկչյանը Բևերլի Հիլզի թիմի կազմում մասնակցեց Համահայկական խաղերին ու դարձավ փոխչեմպիոն։ 

11․ Լևոն Աղասյան, աթլետիկա, Կապան, 2023

Կապանցի եռացատկորդը 2013-ին Հայաստանի համար աննախադեպ արդյունքի հասավ՝ նվաճելով Մ20 Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Ցավոք, մեծահասակների ասպարեզում Աղասյանի նվաճումներն ավելի համեստ են, բայց դա չխանգարեց նրան երկու անգամ օլիմպիական նորմատիվ լրացնել ու մասնակցել Ռիո-2016 և Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին։

Արդեն կայացած ու հայտնի մարզիկի կարգավիճակում՝ Աղասյանը մասնակցեց 8-րդ Համահայկական խաղերին՝ նվաճելով եռացատկի մրցումների չեմպիոնի ու հեռացատկի փոխչեմպիոնի կոչումները։

null

10․ Սերգեյ Միքայելյան, դահուկավազք, Երևան, 2014

Սերգեյ Միքայելյանն առայժմ միակ հայ մարզիկն է, որը մեդալակիր է դարձել ձմեռային Ուսանողական խաղերում՝ 2017-ին Ալմաթիում նվաճելով բրոնզե մեդալ 10 կմ ազատ ոճով հետապնդում մրցմանը։ Միքայելյան եղբայրներից ավագը մասնակցել է առայժմ միակ ձմեռային Համահայկական խաղերին, որը տեղի է ունեցել 2014-ին, և ոսկե մեդալներ նվաճել 5 կմ դասական և 5 կմ ազատ ոճ մրցաձևերում։ Ցավոք, բազմաթիվ վնասվածքների պատճառով Սերգեյը բավականին վաղ ավարտեց կարիերան։

9․ Զավեն Անդրիասյան, շախմատ, Երևան, 2001

Զավեն Անդրիասյանը 2-րդ Համահայկական խաղերին մասնակցեց 12 տարեկանում, զբաղեցրեց 2-րդ տեղը՝ հետ մնալով վանաձորցի Արշակ Ռամազյանից, այնուհետև 4 տարի անց նվաճեց Մ16 Եվրոպայի չեմպիոնի կոչումը, մեկ տարի անց էլ դարձավ Երևանում կայացած Մ20 աշխարհի առաջնության չեմպիոն։ Հետագայում Անդրիասյանը ևս մի քանի կարևոր մրցաշար հաղթեց, 2013-ին դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, իսկ 2016-ին նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։ Թեև դասական շախմատում գրոսմայստերը չկարողացավ կրկնել երիտասարդ տարիքում գրանցած հաջողությունները, սակայն արագ ու կայծակնային շախմատում հասավ լուրջ նվաճումների, հատկապես՝ օնլայն մրցաշարերում: Այժմ նա գլխավորում է շախմատի կանանց Հայաստանի հավաքականը:

null

8․ Էլմիրա Կարապետյան, հրաձգություն, Երևան, 2019

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 2019-ին դարձավ Համահայկական խաղերի չեմպիոն օդամղիչ ատրճանակ, 40 կրակոց մրցաձևում։ Այդ պահի դրությամբ Կարապետյանն արդեն հայտնել էր իր մասին մայիսին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ՝ զբաղեցնելով 5-րդ տեղն ու նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Տոկիոյում հայ մարզուհին չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, սակայն Օլիմպիական խաղերից հետո Կարապետյանը շարունակում է բարելավել իր արդյունքները։ Նա արդեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, իսկ 2023-ին տեղի ունեցած Եվրոպական խաղերում դարձավ արծաթե մեդալակիր 10մ օդամղիչ ատրճանակի խառը թիմային պայքարում։

7․ Արման Փաշիկյան, շախմատ, Երևան, 2001

2022-ին Արման Փաշիկյանը նշանակվեց շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, և նրա գլխավորությամբ ազգային թիմը դարձավ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն։ Իսկ մինչև այդ փորձառու գրոսմայստերը երկար ճանապարհ էր անցել. 2001-ին նա մասնակցեց 2-րդ Համահայկական խաղերին, սակայն չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել, իսկ երկու տարի անց 16 տարեկանում փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի առաջնությունում՝ Գաբրիել Սարգսյանի հետ միասին բաժանելով առաջին տեղը ու միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց ոսկե մեդալը: Հետագայում Փաշիկյանը երկու անգամ՝ 2009-ին ու 2019-ին, նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: 2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց շախմատի Համաշխարհային օլիմպիադային ու Եվրոպայի թիմային առաջնությանը, որտեղ 4-րդ խաղատախտակի վրա բրոնզե մեդալի արժանացավ: Այժմ ավելի շատ զբաղված է մարզչական գործունեությամբ:

6․ Բյուզանդ Ղասաբյան, բադմինտոն, Սոֆիա, 2003, 2007, 2011

82-ամյա Ղասաբյանը բուլղարական սպորտի լեգենդ է։ Նրա շնորհիվ Բուլղարիայում «հայտնվեցին» բադմինտոն ու սքվոշ մարզաձևերը, զարգացան թենիսն ու սեղանի թենիսը։ Ընդ որում, բադմինտոնի ռակետներն ու փետրագնդակը նա Բուլղարիա բերեց 1965-ին Խորհրդային Հայաստան ու Վրաստան ճամփորդությունից։ Մասնագիտությամբ բժիշկ Ղասաբյանն ինքն էլ ակտիվ զբաղվել է այդ մարզաևերով, եղել է բադմինտոնի Բուլղարիայի բազմակի չեմպիոն, թենիսի Բուլղարիայի թիմային առաջնության չեմպիոն, ներկայացրել է այդ երկիրը բադմինտոնի աշխարհի առաջնություններում։ 56 տարի անընդմեջ Ղասաբյանը մասնակցել է Բուլղարիայի առաջնությունների՝ 4 տարբեր մարզաևում։ 6 տարի նա «Դիմիտար Կանև» և «Ակադեմիկ» թիմերի հետ մասնակցել է բասկետբոլի Բուլղարիայի առաջնությանը, 18 տարի ելույթ է ունեցել սեղանի թենիսի, 21 տարի՝ բադմինտոնի, 11 տարի՝ թենիսի առաջնություններում։ 1977-2001-ին 12 անգամ մասնակցել է բադմինտոնի աշխարհի առաջնությանը, ինչը համարվում է այդ մարզաձևի ռեկորդ, ընդ որում, 2001-ին անվանի մարզիկն արդեն 60 տարեկան էր։ 1977-ին դարձել է բադմինտոնի լրագրողների աշխարհի առաջնության չեմպիոն։ 

Հայրենքում ևս Ղասաբյանը մեծ ճանաչում ունի, նա Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է, բադմինտոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ 62 տարեկանում նա Հայկ Միսակյանի հետ դարձավ 3-րդ Համահայկական խաղերի զուգախաղի չեմպիոն, նույն հաջողությունը կրկնեց նաև 5-րդ Խաղերում, երբ 70 տարեկան էր, իսկ չորրորդ Խաղերում բավարարվել էր արծաթե մեդալով։

5․ Դավիթ Ջոլակյան, բասկետբոլ, Վելի, 1999, 2001

80-ականների սկզբին Դավիթ Ջոլակյանը լոսանջելեսյան դպրոցական բասկետբոլի աստղերից էր, որը միջինը մեկ խաղում 20 միավորից ավելի էր վաստակում «Ալեմանիի» կազմում, նրան նույնիսկ համեմատում էին լեգենդար Լարի Բյորդի հետ։ Ուսանողական կարիերան դպրոցականի պես հաջող չստացվեց․ Ջոլակյանն ընդգրկված էր NCAA-ի առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող «Սանտա Բարբարայի» կազմում, բայց վնասվածքների պատճառով շատ խաղաժամանակ չէր ստանում։ Համալսարանական կարիերայի ավարտից հետո Ջոլակյանը տեղափոխվեց Եվրոպա, 1992-1997-ին ելույթ ունեցավ ֆրանսիական հայտնի «Լիոն-Վիլերբան» թիմում, որի կազմում մասնակցում էր նաև Եվրալիգային։ «Լիոն-Վիլերբանից» հետո Ջոլակյանը տեղափոխվեց Գերմանիա, որտեղ ելույթ ունեցավ Բունդեսլիգան ներկայացնող «Տրիերում», իսկ 1999-ին ավարտեց պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան։ Ջոլակյանը Լոս Անջելեսի մերձակայքի Վելի (Հայաստանում ասում էին նաև Վալեյ) բնակավայրի բասկետբոլի թիմի կազմում դարձավ Համահայկական առաջին երկու խաղերի չեմպիոն։ Այժմ բնակվում է Լոս Անջելեսում ու աշխատում է որպես վաճառքի մենեջեր տեղի ընկերություններից մեկում, նաև բասկետբոլի մարզիչ է։

4․ Արմեն Մարտիրոսյան, աթլետիկա, Գյումրի, 1999, 2003

Գյումրեցի աթլետը Ռոբերտ Էմմիյանից ժառանգել էր հայկական աթլետիկայի առաջատարի թագը։ Մարտիրոսյանը 90-ականների կեսերին փայլուն էր ելույթ ունենում եռացատկի մրցումներում, 1995-ին դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, հաջորդ տարի բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում (փակ տարածքում), իսկ Ատլանտայի Օլիմպիական խաղերում այդ պահին կարիերայի լավագույն ցուցանիշով գրավեց 5-րդ տեղը։ Միևնույն ժամանակ, գյումրեցի աթլետը մասնակցում էր նաև հեռացատկի մրցումների, ճիշտ է՝ առանց լուրջ հաջողությունների։ 1999-ին Մարտիրոսյանը պատրաստվում էր իր երկրորդ Օլիմպիական խաղերին, նա գերազանց ելույթ ունեցավ աշխարհի առաջնությունում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։ Նույն տարվա օգոստոսին Մարտիրոսյանը մասնակցեց առաջին Համահայկական խաղերին՝ ելույթ ունենալով հեռացատկի մրցումներում, որտեղ հաղթող դարձավ բավականին բարձր՝ 8,04մ ցուցանիշով։

Թվում էր՝ Սիդնեյի Օլիմպիական խաղերին Մարտիրոսյանը լավ մարզավիճակում էր մոտենում, նախորդ երկու տարիներին նա անձնական ռեկորդներ էր սահմանում (1998-ին Գյումրիում 17,41մ), սակայն Օլիմպիական խաղերում հիասթափություն էր սպասում. նա ընդամենը 14.95մ արդյունքով չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։ Դրանից հետո գյումրեցի մարզիկի կարիերայում անկում սկսվեց, ցուցանիշներն ընկան։ Թեև դա չխանգարեց նրան 2003-ին ևս մասնակցել 3-րդ Համահայկական խաղերին, դառնալ հեռացատկի կրկնակի չեմպիոն։ Մեկ տարի անց Աթենքում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը 15.05 արդյունքով զբաղեցրեց 43-րդ տեղն ու ավարտեց կարիերան։

3․ Անդրե Սփայթ Մկրտչյան, բասկետբոլ, Գլենդել, 2011, 2019, 2023

Սփայթ-Մկրտչյանը վերջին տարիներին հայկական բասկետբոլի առաջատարն է, հավաքականի կազմում երկու անգամ հաղթել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, խաղացել է եվրոպական տարբեր առաջնություններում՝ Չեռնոգորիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Ֆրանսիա, Լեհաստան, ունեցել է հաջող ուսանողական կարիերա, փորձարկվել NBA-ի «Դենվեր Նագեթս» թիմում, խաղացել է նաև NBA-ի զարգացման լիգայում։ Համահայկական խաղերին մասնակցել է երեք անգամ․ առաջին ելույթն ունեցել է 2011-ին՝ Գլենդելի երիտասարդ թիմում, իսկ Համահայկական խաղերում Գլենդելի թիմի վերջին երկու չեմպիոնությունները մեծ մասամբ հենց նրա փայլուն խաղի արդյունքն են։ 

2․ Ալեքսանդր Կարապետյան, ֆուտբոլ, Սոչի, 2023

Համահայկական առաջին խաղերից մեկում մեծ սկանդալ առաջացրեց Երևանի թիմի կազմում մի շարք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, այդ թվում՝ «Կիլիկիայի» հարձակվողներ Նշան և Սերգեյ Էրզրումյանների մասնակցությունը, որի հետևանքով վերջիններս դադարեցրին ելույթները Խաղերում։ Հետագայում Ստեփանակերտի թիմի կազմում ելույթ էին ունենում «Լեռնային Արցախ» թիմի ֆուտբոլիստները, որոնք խաղում էին Հայաստանի Առաջին դիվիզիոնում։ Ստեփանակերտի թիմն իր առաջատար, Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Երևանի «Միկայի» նախկին կիսապաշտպան Արտյոմ Ադամյանի հետ միասին մի քանի անգամ դարձել է Խաղերի հաղթող։ Իսկ այս տարի կայացած 8-րդ Համահայկական խաղերում մասնակցությամբ աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը, որը թեև պաշտոնապես չի հայտարարել կարիերան ավարտելու մասին, սակայն վերջին վնասվածքից հետո, փաստացի պրոֆեսիոնալ ֆուտբոլով չի զբաղվում։ 36-ամյա Կարապետյանը խաղում էր չեմպիոնի տիտղոսը նվաճած Սոչիի թիմի կազմում և գոլի հեղինակ դարձավ խմբային փուլի խաղերից մեկում։

1․ Մարի-Գայանե Միքայելյան, թենիս, Լոզան, 1999

15-ամյա շվեյցարահայ թենիսիստուհու մասնակցությունն առաջին Համահայկական խաղերին իսկական սենսացիա էր։ Շվեյցարիան այդ պահին արդեն ուներ Մարտինա Հինգիսի ու Պատի Շնայդերի պես թենիսիստուհիներ, իսկ երիտասարդ Ռոջեր Ֆեդերերն արդեն հասցրել էր հայտնել իր մասին աշխարհին, սակայն 15-ամյա Մարի-Գայանե Միքայելյանի հետ այնտեղ ևս մեծ հույսեր էին կապում: 1999-ին նա արդեն հասցրել էր հաղթել լավագույն 100 թենիսիստուհիների շարքում ընդգրկված Ժյուստին Էնինին ու Կատարինա Սրեբոտնիկին, ինչպես նաև դառնալ մինչև 16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Ընդ որում, Եվրոպայի առաջնությունում Միքայելյանը, որի հայրը հայ է, իսկ մայրը՝ շվեյցարուհի, ելույթ էր ունենում Հայաստանի դրոշի ներքո: 

Պատանի թենիսիստուհու հայրը հաճախ էր «սպառնում» Շվեյցարիայի թենիսի ֆեդերացիային, որ իր դուստրը կարող է վերջնական փոխել մարզական քաղաքացիությունը, եթե արժանի վերաբերմունքի չարժանանա: Օգոստոսին Մարի-Գայանեն ժամանեց Երևան ու մասնակցեց առաջին Համահայկական խաղերին, հաղթեց բոլոր փորձառու մրցակիցներին՝ ոչ մի սեթ չզիջելով: Եզրափակիչում նա 2 սեթում պարտության մատնեց Թբիլիսին ներկայացնող Աննա Գասպարյանին:

Այնուամենայնիվ, Միքայելյանը շարունակեց ITF-ի մրցաշարերում ներկայացնել Շվեյցարիան՝ բացառությամբ 2001թ․ Մ18 Եվրոպայի առաջնությանը: Այդտեղ 17-ամյա թենիսիստուհին նորից դարձավ չեմպիոն՝ ներկայացնելով Հայաստանը, ընդ որում, եզրափակիչում հաղթեց թենիսի ապագա աստղ Մարիոն Բարտոլիին Ֆրանսիայից: Երիտասարդ թենիսիստուհու վերելքը շարունակվեց 2002-ին, նա իր առաջին հաղթանակը տարավ WTA մրցաշարում, հաճախ էր հաղթում լավագույն 50-յակում ընդգրված մրցակիցներին: 2003-ի հունվարին նա WTA-ի վարկանիշային աղյուսակում հասավ կարիերայի ամենաբարձր դիրքին՝ հայտնվելով 33-րդ տեղում: Թվում էր՝ ապագայում Մարի-Գայանեն դառնալու է աշխարհի առաջատար թենիսիստուհիներից մեկը, սակայն Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ Միքայելյանը կողոսկրի վնասվածք ստացավ, ապաքինվեց շուրջ երկու ամիս ու այլևս իր նախկին խաղամակարդակին չվերադարձավ: Վնասվածքները շարունակում էին հետապնդել նրան, մի քանի անգամ թենիս վերադառնալու անհաջող փորձերից հետո 2007-ին Մարի-Գայանե Միքայելյանն ավարտեց կարիերան: 2010-ին նա կարճ ժամանակով վերադարձավ՝ FED Cup թիմային մրցաշարում ներկայացնելով Հայաստանը:

Հայկական բասկետբոլի զարգացման շարժիչ․ Ինչպես Համահայկական խաղերը սկիզբ դրեցին բասկետբոլային հեղափոխությանը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա