Հայ մարմնամարզիկները փայլուն ելույթներ են ունենում անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ն անցել են առանձին վարժությունների եզրափակիչ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական մարմնամարզության պատմության մեջ։ Աննախադեպ է նաև ԱԱ-ում հինգ մասնակից ունենալը։
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը VNews-ի հետ հարցազրույցում ամփոփել է իր սաների ելույթները որակավորման փուլում ու խոսել սպասելիքներից։
- Ինչպե՞ս եք գնահատում հայ մարմնամարզիկների արդյունքները։
- Որակավորման փուլում տղաների ելույթները գնահատում եմ գերազանց։ Նախկինում երբեք չորս մարզիկ չենք ունեցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում՝ 2018-ին եզրափակիչում հանդես է եկել երեք հայ մարմնամարզիկ։ Այս անգամ կարող էինք և հինգ ներկայացուցիչ ունենալ։ Ընդհանրապես առաջին անգամ ենք հինգ մարմնամարզիկ ներկայացրել աշխարհի առաջնությանը. նախկինում ունեցել ենք առավելագույնը 3 մասնակից։ Երբ նրանցից մեկն անցնում էր եզրափակիչ, բոլորս ուրախանում էինք, քանի որ դա արդեն բարձր արդյունք էր։ Հիմա էլ կան երկրներ, որոնց համար եզրափակիչի մասնակից ունենալն արդեն հաղթանակ է։ Սակայն, ժամանակի ընթացքում սպասելիքներն ու պահանջները մեծանում են։ Այժմ, հաղթելու շատ մեծ հնարավորություն ունենք՝ կոնկրետ հենացատկերում։ Արթուր Դավթյանն առաջին արդյունքով է անցել եզրափակիչ, ինչը նշանակում է, որ նա ընդգծված առաջատար է, եթե, իհարկե, չասենք ավելին։ Հնարավորությունն իրական է, տեսանելի։ Երևում է, որ աշխատել ենք, արդյունքը կա։ Եզրափակիչ անցած մեր բոլոր չորս մարզիկները հանդես եկան հնարավորությունների սահմանում՝ ավելին անել չէին կարող։ Մարզիկներին ասել եմ՝ վարժությունը կատարեք այնպես, ինչպես կարող եք։ Թեկուզ 100-րդ տեղը գրավեք, միայն թե արեք այն, ինչ կարող եք։ Բարեբախտաբար, ստացվեց, շատ գոհ եմ։ Տեսնենք, թե ինչպիսին կստացվի եզրափակիչը։
- Ի՞նչ կասեք 5-րդ արդյունքով օղակների վարժության եզրափակիչ անցած Վահագն Դավթյանի ելույթի մասին, քանի որ նա սովորաբար ավելի բարձր տեղերով է անցել եզրափակիչ։
- Այդպես եղել է Եվրոպայի առաջնություններում։ Իսկ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ նա մինչև այդ անցել է երկու անգամ՝ Գլազգոյում (2015թ․, 7-րդ տեղ) և Քաթարում (2018թ․, 6-րդ)։ Ի դեպ, Վահագնը 0,1 միավոր է զիջում առաջատարին։ Դա չնչին տարբերություն է՝ ավելորդ փոքր քայլ, որը նա արեց վարժության ավարտին կանգնելուց հետո։ Ավելին՝ եզրափակիչ չանցան այս վարժության լուրջ վարպետներ։ Մյուսների համեմատ Վահագնի վարժության բարդությունը ցածր է, բայց մենք շեշտը դրել էինք կատարման մաքրության վրա և նման մոտեցումն արդարացրեց իրեն՝ մեր մարզիկն ավելի բարձր գնահատականներ ստացավ։
- Եզրափակիչում նույնպե՞ս ապավինելու եք վարժությունը հնարավորինս անթերի կատարելուն։
- Այս փուլում վարժության բարդացումը հղի է սխալներով, ինչպես եղավ պայքարից դուրս մնացած լուրջ մասնակիցների պարագայում։
- Ի՞նչ տպավորություն թողեց Արթուր Ավետիսյանը։
- Նա, նորամուտը նշելով մեծահասակների աշխարհի առաջնությունում, միանգամից եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց։ Նա շատ լավն է։ Ճիշտ է, գտնվում էր վտանգավոր գոտում, բայց մեր հույսերն արդարացան։ Նա 4-րդ դիվիզիոնում էր մասնակցում, որից հետո կար ևս երկու դիվիզիոն։ Փաստորեն, մրցակիցները չկարողացան շրջանցել նրան և նա 7-րդ արդյունքով անցավ եզրափակիչ։ Ամեն ինչ կատարեց իդեալական և շատ լավ գնահատականներ ստացավ անչափ խիստ մրցավարության պարագայում։
- Հարություն Մերդինյանը վերստին ապացուցեց, որ երբեմն տարիքը զարդարում է մարզիկին։ Ճի՞շտ բնութագրեցի նրա ելույթը։
- Մինգամայն։ Հարութը մեր թիմի «բիձան» է՝ իր ցավը տանեմ։ Դարձյալ կատարեց լավագույն ձևով։ Նրա դեպքում նույնպես վարժության բարդության փոփոխության մասին խոսք չկա, բայց երկու տարր, հնարավոր է, փոխենք, որպեսզի կարողանանք 0,2-0,5 միավոր ավելի ապահովել։ Նա իսկապես կեցցե, որ կարողանում է այդ տարիքում իր «քյաչալ գլխով» դուրս գալ ասպարեզ և կատարել լավագույն փորձերը։ Դա իսկապես շատ բարդ է։ Կատարումն ընտիր էր։
- Ի՞նչը չբավականացրեց Գագիկ Խաչիկյանին, որին չհաջողվեց անցնել բազմամարտի եզրափակիչ։
- Չունեմ այդ հարցի պատասխանը։ Արդեն ավելի քան մեկ տարի փորձում ենք հասկանալ, թե ինչն է խանգարում Գագիկին։ Նրա հնարավորություններն ավելի բարձր են, ունակությունները լիարժեք դրսևորելու դեպքում նա կլինի եզրափակիչին մասնակցելու իրական հավակնորդ։ Նա իսկապես ուժեղագույններից է։ Բայց թե՛ Եվրոպայի առաջնություններում, թե՛ աշխարհի գավաթի խաղարկության փուլում պատկերը նույնն է։ Տարբեր մոտեցումներ փորձեցինք։ Կարծես, հոգեբանական ինչ-որ խնդիր կա։ Նա էլ սակավախոս է, ու չի կարողանում բացատրել, թե ինչն է իրեն խանգարում։ Բոլորս առանձին զրուցում ենք նրա հետ։ Դեռ երիտասարդ է, պետք է գա պահը, որ վերջապես հաղթահարի այդ հոգեբանական արգելքը։ Որովհետև մրցումից կես ժամ առաջ՝ փորձի ժամանակ ամեն ինչ ընտիր կատարում է, բայց մրցումներում նույնը ոչ մի կերպ չի ստացվում։ Նա չի ընկել վարժությունների կատարման ժամանակ, բայց նաև չի արել այն, ինչ կարող էր։ Մոտ 6 տարի առաջ նման գնահատականից շատ գոհ կլինեինք, բայց այսօր՝ ոչ, որովհետև տեսնում եմ, որ ունակ է շատ ավելի բարձր միավորներ վաստակել։ Գագիկը կարող է լինել աշխարհի 8 լավագույնների թվում։ Վերադառնալուց հետո կփորձենք հասկանալ, թե ինչն է խնդիրը։
- Հատկապես ո՞ր վարժությունում Գագիկի ելույթը գոհացրեց ձեզ, իսկ որում՝ ոչ այնքան։
- Նրա ամենաուժեղ գործիքը նժույգ թափերն է, որի վրա հաջող ելույթներին են այսօր հիմնականում կենտրոնացած նրա ջանքերը։ Մենք նպատակադրված ենք կոնկրետ եզրափակիչ անցնելուն։ Խնդիրը հենց այն է, որ ունակ էր անցնել եզրափակիչ, բայց հանդես չեկավ այնպես, ինչպես սպասում էինք։ Ասածս վերաբերում է միայն նժույգ թափերի վրա վարժությանը։ Մնացած վարժությունները կատարել է։
- Հայ մարմնամարզիկներից որևէ մեկը վաստակե՞լ է իր համար աննախադեպ միավորներ։
- Միավորների առումով՝ ոչ։ Սակայն, նման մարմնամարզիկ ընդհանրապես չկա, որովհետև կանոնների փոփոխությունից ելնելով՝ այս առաջնությունում մրցավարությունը շատ խիստ է, բայց օբյեկտիվ։ Օրինակ՝ Եվրոպայի առաջնությունում օղակների վրա վարժությունում հաղթած մարզիկը վաստակել էր 15,1 միավոր, իսկ այստեղ առաջատարի ցուցանիշը 14,666 միավոր է։ Մեր մարմնամարզիկների ելույթները նորմալ են գնահատվել։ Վերջիվերջո, կարևորը ոչ թե գնահատականն է, այլ զբաղեցրած տեղը։ Շատ լավ է, որ մրցավարությունն այդպիսին է. դա մարմնամարզիկին մղում է կենտրոնանալ կատարողական վարպետության վրա։
- Հաշվի առնելով, որ բոլոր 6 մրցաձևերում եզրափակիչ անցած մարզիկներն ունեն մոտ ցուցանիշներ՝ կարելի՞ է ասել, որ հայ չորս մարմնամարզիկներն էլ ունեն մեդալ նվաճելու իրական հնարավորություն։
- Անշուշտ։ Սա մարմնամարզություն է՝ առաջին տեղում ընթացող մարզիկը վերջնարդյունքում կարող է հայտնվել 8-րդ տեղում, իսկ 8-րդ տեղը զբաղեցնողը, հակառակը՝ դառնալ առաջինը։ Նման օրինակները քիչ չեն։ Բայց, Արթուր Դավթյանի հնարավորությունն անհամեմատ բարձր է։ Դա բոլորն են գիտակցում՝ այդ թվում մրցակիցները։ Մենք արդեն զգում ենք հաղթանակի համը։ Եզրափակիչի մյուս մասնակիցները պարզապես չեն կարող առաջին տեղի համար պայքարում լուրջ մրցակցություն կազմել Արթուրին։ Մնում է միայն, որ նա կրկնի արդեն կատարածը։ Իմիջիայլոց, Եվրոպայի առաջնությունում Արթուրի հետ հավասար միավորներով չեմպիոն դարձած անգլիացի մարմնամարզիկն այստեղ եզրափակիչ չի անցել։ Մեդալների համար պայքարից դուրս են մնացել նաև այլ ուժեղ մարզիկներ, քանի որ ագահաբար ապավինելով վարժության բարդությանը՝ սայթաքեցին։
- Ի՞նչ տրամադրություն ունեն տղաները եզրափակիչից առաջ։
- Նրանց հետ անընդհատ շփվում եմ. հանդիպում ենք յուրաքանչյուր մարզումից և ելույթից հետո։ Ներկա է լինում նաև հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը, որի հետ նույնպես քննարկում ենք բոլոր հարցերը։ Այստեղ բոլորը հիացած են մեր մարմնամարզիկների թե՛ սպորտային, թե՛ մարդկային որակներով։ Տրամադրությունը բարձր է՝ մարտական։ Մնում է, որ ամեն ինչ ընթանա իր հունով։ Ի դեպ, Արթուր Դավթյանին անհանգստացնում են ծնկի ցավերը, ինչը մտահոգում է ինձ։
Ու վերջում. այստեղ խոսակցություններ են հասնում, որ Հայաստանում կարծիքներ են հնչում, թե մեր տղաների բախտը բերել է, որովհետև այս առաջնությանը չեն մասնակցում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Հայաստանի մարմնամարզիկներն արդեն բազմիցս ապացուցել են, որ իրոք հասել են վարպետության բարձր աստիճանի և նման բաները չեն կարող աջակցող գործոն լինել նրանց համար։ Իսկ Արթուր Դավթյանն այս պահին բացարձակ լավագույնն է հենացատկում։