«Եզրափակիչների վերջում տեղի ունեցավ սպորտում հազվադեպ պատահող իրադարձություն. մրցավարները հատուկ անդրադարձան հայ մարմնամարզիկների ելույթներին և հոտնկայս ծափահարություններով արձագանքեցին մեր հաջողություններին»։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հայ մարմնամարզիկները փայլուն ելույթ ունեցան Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանում և գրանցեցին տպավորիչ արդյունք։ Նվաճելով 2 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ նրանք գերազանցեցին անգամ Հայաստանի հավաքականի մարզիչների սպասելիքներն ու անակնկալի բերեցին մրցակիցներին։ Հակոբ Սերոբյանն ամփոփեց երիտասարդական ԱԱ-ում հայ մարմնամարզիկների ելույթները և որոշ մանրամասներ հայտնեց Անթալիայում ապրիլի 11-16-ը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության նախապատրաստության ընթացքից։
Երիտասարդական ԱԱ-ում Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանն առաջին երկու տեղերն էին գրավել նժույգ թափեր վարժությունում։ Մանուկյանն իրեն հավասարը չէր ունեցել նաև օղակների վարժությունում։ 2022թ․ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը զուգափայտերի վարժությունում գրավել էր չորրորդ տեղը։ Թիմային հաշվարկում Հայաստանի երիտասարդական հավաքական չորրորդն էր։
«Իրականում մեր մարմնամարզիկները շատ լավ էին պատրաստվել և ուղղակի արեցին այն, ինչ կարողացան։ Շատ կարևոր է նաև, որ տղաները հաղթահարեցին Թուրքիայում հանդես գալու հետ կապված հոգեբանական գործոնը և վստահ ու համարձակ ելույթ ունեցան։ Բուն առաջնությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով և մեզ հետ կապված որևէ խնդիր չծագեց։
Համլետ Մանուկյանը պարզապես գերազանց ելույթ ունեցավ և զարմացրեց աշխարհի մարմնամարզական հանրությանը։ Մասնագետները և մրցավարներն ուղղակի հիացած և ապշած են նրա կատարումներից։ Եզրափակիչների ավարտին, որոնց արդյունքներով Համլետը երկու ոսկե մեդալ նվաճեց, տեղի ունեցավ սպորտում հազվադեպ պատահող իրադարձություն. մրցավարները հատուկ անդրադարձան հայ մարմնամարզիկների ելույթներին և հոտնկայս ծափահարություններով արձագանքեցին մեր հաջողություններին։
Ոչ միայն Մանուկյանը, այլև մեր թիմի բոլոր անդամները գերազանց դրսևորեցին իրենց։ Դա մեծ անակնկալ էր նաև հենց մեզ համար։ Թիմային հաշվարկում մոլորակի 8 լավագույն թիմերի շարքում ընդգրկվելը մեծ հաջողություն կհամարեինք, բայց Հայաստանը գրավեց 4-րդ տեղը։ Դա լուրջ նվաճում է, վկայում է այն մասին, որ տեսանելի ապագայում Հայաստանի հավաքականը կարող է պայքարել թիմային հաշվարկի մրցանակային տեղերի համար։ Զուտ ժամանակի հարց է։ 2027 թվականի Եվրոպայի առաջնությանն այս նույն տղաներն ընդգրկված կլինեն ազգային հավաքականում և արդեն հիմա կարելի է ասել, որ թիմային բազմամարտի մրցումներին բարձր մակարդակով մասնակցելու ունակ շատ լավ և մարտունակ թիմ ենք ունենալու»,- ասաց գլխավոր մարզիչը։
Հակոբ Սերոբյանը ներկայացրեց նաև Համլետ Մանուկյանի ելույթին առնչվող ուշագրավ մանրամասներ․ «Ճիշտն ասած, պարզապես որոշել էինք Համլետին փորձել բազմամարտում, իսկ նա վերցրեց ու գերազանցեց մեր սպասելիքները, խառնեց շատերի խաղաքարտերը։ Հենց սկզբից առաջին արդյունքով անցավ նժույգ թափ և օղակներ վարժության եզրափակիչ։ Դրանից հետո նույնիսկ ցանկանում էինք հրաժարվել բազմամարտի ծրագրով ելույթները շարունակելուց, սակայն հետո ստիպված էինք հավատարիմ մնալ մեր նախնական ծրագրին։ Բանն այն է, որ մասնակցությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է ներկայացնել բժշկական տեղեկանք և այլ հիմնավորումներ, ուստի, հաշվի առնելով Թուրքիայում գտնվելու հանգամանքը, որոշեցինք չխիզախել և չդիմել բժիշկներին։ Որոշեցինք շարունակել զուտ տղաների հնարավորությունները ստուգելու նպատակով։
Համլետի պարագայում նպատակահարմար էինք համարել, որ նա նժույգ թափ և օղակներ վարժությունները կատարի իր համար սահմանված բարդությամբ, իսկ մնացածն ավելի թեթև ծրագրով։ Սակայն, տեսնելով, որ երկու գործիքների վրա կատարումների արդյունքով Մանուկյանն անհատական բազմամարտում ընթանում է առաջին տեղում, որոշեցինք շարունակել նույն ոգով։ Այդ պահին անմիջապես զանգեցի մեր հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանին և խնդրեցի հեռախոսը փոխանցել Համլետին։ Հարցրեցի՝ ինչպես է զգում իրեն և կարող է արդյոք շարունակել։ Ստանալով հաստատուն դրական պատասխան՝ հրահանգեցի շարունակել։ Հետաքրքիր է, որ առաջնությունը լուսաբանող հեռուստաօպերատորները որսացել էին այդ հեռախոսազրույցի պահը և հեռարձակել այն»։
Շարունակելով անդրադարձը Համլետ Մանուկյանի պատմական հաջողությանը՝ Հակոբ Սերոբյանը նշեց.
«Մինչև չորրորդ վարժությունը Համլետն ընթանում էր առաջին տեղում։ Հետո հասավ մեզ համար բարդ՝ պտտաձողի վարժության հերթը... Բոլոր 6 վարժությունների կատարման հանրագումարում Համլետը ելույթն ավարտեց 6-րդ տեղում, ինչը շատ լավ արդյունք է։ Նույն բազմամարտում Էրիկ Բաղդասարյանը ելույթն ավարտեց 12-րդ ցուցանիշով, ինչը նույնպես լավ է։ Նա սխալ թույլ տվեց հենացատկում, այլապես նույնպես կլիներ տասնյակում։
Իսկ եզրափակիչներում Համլետը երկու ոսկե մեդալ նվաճեց, ինչն ուղղակի ֆանտաստիկ է։ Ի դեպ, որևէ այլ երկրի չհաջողվեց երկու բարձրագույն պարգև ունենալ։ Նժույգ թափի վրա վարժությունում նրան հաջորդեց և արծաթե մրցանակակիր դարձավ Մամիկոն Խաչատրյանը։ Բոլորս ափսոսում ենք այն բանի համար, որ Էրիկ Բաղդասարյանը միավորների չնչին տարբերությամբ 4-րդ տեղը գրավեց զուգափայտերի վարժությունում, նույն հորիզոնականին հայտնվեց նաև մեր հավաքականը։ Սակայն, ուզում եմ նշել, որ ագահություն չի կարելի անել՝ ունենք նորմալ, նույնիսկ՝ գերազանց արդյունք։ Մեդալի ակնկալիք ունեինք, բայց մեր սպասելիքները գերազանցվեցին և ուրեմն կեցցեն մեր տղաները։ Սպասենք նոր նվաճումների։ Եվ ամենակարևորը՝ հայկական մարմնամարզության ապագան հուսալի ձեռքերում է»։
Այս օրերին Անթալիայում Եվրոպայի առաջնությանն են պատրաստվում նաև Հայաստանի ազգային հավաքականի մարմնամարզիկները։
«Նրանց պատրաստվածությունը լիարժեք գնահատելու համար ինձ ժամանակ է անհրաժեշտ։ Առայժմ կարող եմ ասել միայն, որ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը մասնակցելու են բազմամարտի ծրագրով։ ԵԱ-ն աշխարհի առաջնության վարկանիշային մրցում է։ Եթե այստեղ Արթուրը մասնակցի միայն առանձին վարժությունների, ապա ԱԱ-ում չի կարողանա հանդես գալ բազմամարտի ծրագրով։ Իսկ դա մեր գլխավոր նպատակն է, քանի որ աշխարհի առաջնությունում Արթուրը պետք է ձգտի հենց բազմամարտում նվաճել օլիմպիական ուղեգիր։ Նրա մարզավիճակից գոհ եմ։
Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը ԵԱ-ում մասնակցելու են միայն օղակների վարժությանը, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափի»,- եզրափակեց Հակոբ Սերոբյանը։
Ֆոտո՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայություն