Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փետրվարի 17-ին հայտարարեց, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յոհանես «Ջոն» վան՛տ Սխիպը: Նիդերլանդցու հետ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր: Նա աշխատանքի է անցնելու մարտի 1-ից:
FastNews-ը ներկայացնում է 61-ամյա մասնագետին.
Երբ երեխան կախարդանք տեսավ...
Ջոնն «Այաքսի» սան է, ակումբի գլխավոր թիմում անցկացրել է կարիերայի մեծ մասը: Վան՛տ Սխիպը, սակայն, ծնվել է Կանադայում, և երբ նրա ընտանիքը վերադարձել է Նիդերլանդներ, նա հոլանդերեն նույնիսկ մեկ բառ չի իմացել: Ամեն ինչ փոխվել է, երբ նա դիտել է Չեմպիոնների գավաթի 1972 թվականի եզրափակիչի «Այաքս» – «Ինտեր» հանդիպումը և սիրահարվել է Յոհան Կրոյֆի խաղին:
Վան՛տ Սխիպը խաղում էր աջ կիսապաշտպանի դիրքում: «Այաքսի» կազմում նա անցկացրեց 11 տարի և 273 խաղում խփեց 29 գոլ: Կարծես գոլերը շատ չեն, բայց նա գեղեցիկ գոլերի մասնագետի համբավ ուներ: Մասնավորապես 1988 թվականին «Ֆորտունային» Ջոնի խփած գոլը կարելի է վերանայել, վայելել կրկին ու կրկին:
Իհարկե, երկար խաղալ «Այաքսում» և շատ տիտղոսներ չնվաճել, քչերին է «հաջողվել»: Վան՛տ Սխիպը նրանց թվին չի դասվում. 9 տիտղոս ամստերդամցիների հետ, այդ թվում՝ 2-ը եվրագավաթային: Բայց ամենահիշվողը, իհարկե, Նիդերլանդների հավաքականի հետ 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնի կոչումն է՝ ֆուտբոլային հանճարների երկրի պատմության մեջ միակ խոշոր տիտղոսը: Այդ եզրափակիչում լեգենդար գոլ խփեց Մարկո վան Բաստենը՝ Վան՛տ Սխիպի ամենամոտ ընկերը: Նրանց ընկերությունը կանխորոշեց նաև Ջոնի մարզչական կարիերան...
Լավագույն ընկերների ճանապարհը
Ջոն վան՛տ Սխիպի կարիերայի գլխավոր թիմակից կարելի է անվանել Մարկո վան Բաստենին: Ոչ թե նրա համար, որ նրանք միասին ամենաշատն են խաղացել, այլ թե ինչի է բերել նրանց կյանքում ակումբակից լինելը: Նիդերլանդցիները շատ արագ մոտ ընկերներ են դարձել: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը գրել է «Բաստա» վերնագրով հայտնի ինքնակենսագրական, որի գրեթե յուրաքանչյուր գլխում հիշատակում է իր վաղեմի ընկերոջը: Ինչպես էին միասին 1988-ին դիտել Եվրոյի Իտալիա – ԽՍՀՄ կիսաեզրափակիչը, ինչպես է Ջոնը Մարկոյին ծանոթացրել Լիսբեթի հետ, որը հետագայում դարձել է Վան Բաստենի կինը և ինչպես էին խոսում ֆուտբոլի մասին:
«Ջենոայի» կազմում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց մեկ տարի անց մարզչական կարիերան սկսած Ջոնը հիմնականում աշխատում էր «Այաքսի» ակադեմիայում: Բայց նրա մարզչական կարիերայում զգալի առաջընթաց գրանցվեց 2004 թվականին, երբ Վան Բաստենը նշանակվեց Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ և հենց Ջոնին խնդրեց դառնալ իր օգնականը: Ֆուտբոլի պարադոքսալությունը երբեմն այն է, որ մարզիչը թիմից հեռանում է, երբ այն իր լավագույն խաղն է ցուցադրում: Այդպես էր նաև երկու ընկերների դեպքում: Եվրո-2008-ում Նիդերլանդները գրավիչ խաղով չէր զիջում նույնիսկ ապագա չեմպիոն Իսպանիային, խմբային փուլում ջախջախեցին Ֆրանսիային ու Իտալիային, բայց քառորդ եզրափակիչում անակնկալ պարտություն կրեցին Գուս Հիդինկի Ռուսաստանի հավաքականից: Վան Բաստենը չդիմացավ այդ հարվածին և հեռացավ հավաքականից: Նրա օրինակին հետևեց նաև Վան՛տ Սխիպը:
Մարզչական ինքնուրույնություն
Վան՛տ Սխիպը Նիդերլանդների հավաքականից հետո տեղափոխվեց Ավստրալիա, հետո Յոհան Կրոյֆի երաշխավորությամբ աշխատանք ստացավ Մեքսիկայում, ապա նորից վերադարձավ Ավստրալիա, որտեղ նվաճեց մարզչական առաջին տիտղոսը: Մյուս աշխատավայրը նիդերլանդական «Զվոլեն» էր, որտեղ նա ակումբի ղեկավարությանը կարողացել էր համոզել թիմ վերցնել մարզավիճակը կորցրած Ռաֆայել վան դեր Վարտին, սակայն ճանաչված կիսապաշտպանը որոշեց ավարտել կարիերան:
2019 թվականից Վան՛տ Սխիպին սկսեցին վստահել շատ ավելի լուրջ թիմեր: Առաջին փորձը Հունաստանի հավաքականի հետ էր: Խնդիրն էր նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր: Որակավորման փուլում հույները զբաղեցրին երրորդ տեղը, բայց հիմնական պատճառն անհաջող մեկնարկն էր: Հույները նիդերլանդցու հետ աշխատանքի արդեն 2-րդ ամսում շատ տպավորիչ ֆուտբոլ էին ցուցադրում, Եվրոպայում խոսում էին անսովոր Հունաստանի մասին, որն այլևս ռեհագելյան չէ: Այդ թիմը հաղթանակի հասավ նաև Հայաստանում: Այո՛, 2019 թվականի Հայաստան – Հունաստան խաղում հյուրերի գլխավոր մարզիչը Վան՛տ Սխիպն էր, որը բավականին սիրալիր խոսեց ասուլիսի ժամանակ.
Հույների մասին էլ հանդիպումից հետո խոսեց այս ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը.
Հունաստանի հավաքականի հետ ցանկալի արդյունքին չհասնելուց հետո 2021-ին Ջոնը հեռացավ և 2,5 տարի առանց աշխատանքի էր: Մեծ ֆուտբոլ վերադարձի շարժառիթ դարձավ խորտակվող «Այաքսի» S.O.S.-ը: 2023-24 մրցաշրջանի մեկնարկն «Այաքսի» համար նման էր «Մարվելի» կինոաշխարհի 4-րդ փուլին՝ կատարյալ ձախողում:
Նույնիսկ հիմա անիրական է թվում, բայց երբ հոկտեմբերի 30-ին ակումբը որոշեց գլխավոր մարզիչ նշանակել Վան՛տ Սխիպին, թիմը ՎԵՐՋԻՆ տեղում էր (8 խաղում՝ 5 միավոր): Ջոնը կոչված էր փրկելու «Այաքսին», իսկ 2024-ի ամռանը՝ դառնալու ակումբի տեխնիկական մենեջեր: Ամստերդամցիների նախկին ֆուտբոլիստը ցույց տվեց, թե ինչ է լինում «Այաքսում», երբ ակումբն ապավինում է Միխելսի ու Կրոյֆի «տոտալ ֆուտբոլի» հետևորդներին: Յոհանեսի «Այաքսը» 25 խաղում վաստակեց 51 միավոր և առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում:
Ըստ պայմանավորվածության՝ նա ամռանն անցավ տեխնիկական մենեջերի պաշտոնին, բայց աշնանը որոշեց հեռանալ: Այնուամենայնիվ, երկու պաշտոնում էլ կատարած աշխատանքով նա հիմք էր դրել մի թիմի, որն այժմ Էրեդիվիզիի առաջատարն է:
Հավասարակշռված թիմ
Վան՛տ Սխիպը կարճ և միջին փոխանցումներով խաղի կողմնակից է, սակայն դոգմատիկ չէ: «Այաքսում» նա, ըստ անհրաժեշտության, կարող էր անցնել Նիդերլանդների համար խորթ 3-4-2-1 սխեմայի, իսկ նիդերլանդական 4-3-3-ը՝ օգտագործել պաշտպանողական ոճի 2 կիսապաշտպանով: Այդ ամենը նա անում էր հանուն խաղային բալանսի: Ընդհանրապես «բալանս» բառը հաճախ է կիրառվում մարզչի կողմից ասուլիսների ժամանակ: Հայաստանի հավաքականում Վան՛տ Սխիպն առաջին հերթին հենց բալանս է փնտրելու, իսկ հետո կանցնի խաղ առ խաղ ֆուտբոլի որակը բարձրացնելու խնդրին: Կհարցնեք՝ իսկ խոշոր մրցաշարում խաղալու մեր երազա՞նքը. նա այդ առթիվ ունի կյանքի կրեդո.