Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունունից առաջ։ Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նախապատրաստական փուլի մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
«Տղաները լավ մարզավիճակում են։ Ընտրել ենք 7 ըմբիշ, քանի որ այս պահին նրանք էին ավելի պատրաստ աշխարհի առաջնությանը։ Լինելու է շատ բարդ մրցաշար, բայց մեր տղաներն ունեն մեդալների համար պայքարելու ներուժ։ Նորեկները նույնպես պատրաստ են իրենց հնարավորությունների չափով մասնակցել։ Տղաները լավ նախապատրաստական փուլ են անցել և պատրաստ են։ Կարևորը՝ վնասվածքներ չկան, մնացածը գորգը ցույց կտա»,- նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցի 7 ըմբիշ՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Բելգրադն աշխարհի առաջնությունը կընդունի սեպտեմբերի 16-24-ին։ ԱԱ-ն վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով