Logo

Հաբեթնակ Կուրղինյան. «Եգիպտոս կմեկնեն Եվրոպայի առաջնության հավանական մասնակիցները»

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:30 / 16.02.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է տարվա անդրանիկ միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 23-26-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Մեդալներից բացի, խաղարկվելու են նաև աշխարհի և առանձին աշխարհամասերի առաջնությունների վարկանիշային միավորներ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մրցավայր է ուղեկցելու ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնության հավանական մասնակիցներին։

«Նախապատվությունը տվել եմ այն մարզիկներին, որոնց պատրաստվում եմ ապավինել ապրիլի 17-23-ը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Բոլորն էլ փորձառու և փորձված ըմբիշներ են, որոնք վերջին տարիներին մեր երկիրը պարբերաբար ներկայացրել են միջազգային ամենահեղինակավոր մրցումներում, դարձել չեմպիոններ և մրցանակակիրներ։ Ալեքսանդրիայի մրցաշարը մեզ համար ուժերի առաջին ստուգատեսն է լինելու ընթացիկ մրցաշրջանում։ Այն հաջորդելու է մեր առաջին հավաքներին։ Հագեցած մարզումներից հետո ցանկանում եմ գործի մեջ տեսնել տղաներին և ուրվագծել հետագա անելիքները։

Պակաս կարևոր չէ նաև, որ սա UWW-ի օրացուցային պլանով նախատեսված վարկանիշային 4 մրցաշարերից մեկն է, որի ընթացքում շնորհվելու են աշխարհի ու աշխարհամասերի առաջնությունների վարկանիշային միավորներ։ Շփոթմունքից խուսափելու համար տեղեկացնեմ, որ խոսքը Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների մասին չէ։ Այստեղ վաստակած միավորները հաշվի են առնվելու պաշտոնական առաջնությունների վիճակահանության ժամանակ՝ ուժեղագույններին հնարավորություն տալով մեկնարկային փուլերում խուսափել առերես հանդիպումից։ Բացի այդ, յուրաքանչյուր քաշային կարգում առավելագույն վարկանիշ ունեցող երեք ըմբիշները տարեվերջին պարգևատրվելու են»,- մանրամասնեց գլխավոր մարզիչը։

Հաբեթնակ Կուրղինյանն անդրադարձավ նաև Երևանի «Օլիմպավանում» շարունակվող հավաքին։

«Ուսումնամարզական գործընթացից գոհ եմ։ Հավաքն ավարտելու ենք հաջորդ շաբաթ։ Այն մասնագիտական ուղղվածություն ունի. ուշադրություն ենք դարձնում ըմբիշների տակտիկա-տեխնիկական որակների բարելավմանը և հատուկ ֆիզիկական պատրաստականությանը։ Հավանաբար, տեղյակ եք, որ մինչև այդ պատրաստվել ենք Ծաղկաձորում։ Ուրախալի է, որ մարզիկները խուսափել են լուրջ վնասվածքներից, դե, իսկ թեթև վնասվածքներն անխուսափելի են մեր մարզաձևում»,- նշեց նա։

Ալեքսանդրիայում կայանալիք Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարին մասնակցելու են 48 երկրների ներկայացուցիչներ։ Ազատ ոճի ըմբիշների մրցմանը հայտավորվել է 184 մարզիկ։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Արմեն Բաբալարյան. «Այս անգամ նախապատվությունը տվել ենք 2-3-րդ համարներին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ