Logo

Հաբեթնակ Կուրղինյան. «Ալեքսանդրիայի մրցաշարն ուրվագծեց մեր հետագա անելիքները»

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:47 / 27.02.2023Ըմբշամարտ
Բացառիկ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ընդհանուր առմամբ գոհ է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված խոշոր միջազգային մրցաշարին իր սաների ելույթից։ Նա մրցավայրից VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մրցաշարը ծառայեց նպատակին՝ ուրվագծելով առաջիկայում կատարվելիք աշխատանքի ծավալն ու բովանդակությունը։

Ալեքսանդրիայում աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) տարել էր 5 հաղթանակ ու դարձել մրցաշարի հաղթող, իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի մինչև 23 տարեկանների կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

«Տարվա առաջին միջազգային մեկնարկը միշտ էլ ունենում է որոշակի յուրահատկություններ։ Բացառություն չէր նաև այս մրցաշարը, որին մասնակցած մեր 6 ըմբիշներից երկուսն արժանացան մեդալների։ Ընդհանուր առմամբ, գոհ եմ տղաներից։ Սա կարևոր փորձամրցում էր Եվրոպայի առաջնությունից առաջ, որը թե՛ տղաներին, թե՛ մարզիչներիս ցույց տվեց այն բացերը, որոնք պետք է լրացնել հետագա նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ Բավականին լավ մրցաշար էր. մեր մարզիկները լարված և լավ գոտեմարտեր անցկացրեցին։ 65 կգ քաշային կարգում հաղթող դարձած Վազգեն Թևանյանը մեկ օրում անցկացրեց հինգ հաղթական հանդիպում։ Այնուհանդերձ, նրա մոտ էլ նկատվեցին որոշ թերություններ։ Վազգենն ինքն էլ տեսնում և հասկանում է, որ դեռ աշխատելու տեղ ունի, չի կարելի բավարարվել եղածով»,- նշեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Մարզիչը հայտնեց, որ նույնը վերաբերում է թիմի մյուս բոլոր անդամներին։ «Արսեն Հարությունյանը (61 կգ) նույնպես զերծ չի թերություններից։ Երբեմն նրան չի հաջողվում իրականացնել մտահղացումը, ինչ-որ բան չի ստացվում։ Այդպես եղավ նաև այստեղ անցկացրած մեկնարկային գոտեմարտում, որում Արսենը պարտվեց Ղրղզստանի ներկայացուցչին։ Մնացած երկու հանդիպումներում նա «չոր» հաշվով հաղթեց մրցակիցներին։ Ամեն դեպքում, նա նույնպես պետք է շարունակի համառորեն աշխատել։

Բրոնզե մեդալակիր կարող էին դառնալ նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Արման Ավագյանը (79 կգ), որոնք, սակայն, չօգտվեցին ընձեռված հնարավորությունից։ Երկուսն էլ կարող էին հաղթել, ունեն այդ ներուժը։ Արման Անդրեասյանը (70 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) նույնպես կարող էին ավելի լավ հանդես գալ։ Հարկ է նշել, որ Արմանը վնասվածք ունի, որը մի փոքր խանգարեց։ Կարծում եմ՝ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը լիարժեք կապաքինվի։ Շատ կարևոր է, որ ամենից առաջ տղաներն իրենք նկատեն սեփական թերությունները, որոնք միանգամայն հնարավոր է շտկել»,- արձանագրեց գլխավոր մարզիչը։

Հաբեթնակ Կուրղինյանը հայտնեց, որ ամռան սկզբին Ղրղզստանում և Հունգարիայում նախատեսված է ևս երկու համանման վարկանիշային մրցաշար։ Հայ ըմբիշները, հնարավոր է, մասնակցեն դրանցից մեկին՝ Հունգարիայում։

Փետրվարի 27-ի երեկոյան Հայաստանի հավաքականը կվերադառնա հայրենիք և արդեն մեկ օր անց ուսումնամարզական հերթական հավաքը կսկսեն մարտի 13-19-ը Ռումինիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը պատրաստվող ըմբիշները։ Ազգային հավաքականի անդամները կարճատև հանգստից հետո կշարունակեն նախապատրաստությունը ապրիլի 17-23-ը Խորվաթիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ