Logo

Հոլանդը 14-րդ ֆուտբոլիստն է, որ 10-ից 10 միավոր է ստացել L'Equipe-ից. ովքեր են մյուսները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:18 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Էրլինգ Հոլանդ-L'Equipe

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, մանչեսթերյան դերբիում հեթ-տրիկ ձևակերպելով, գրանցել է այնպիսի արդյունք, որը փառահեղ մարզական կարիերայի ընթացքում չի հաջողվել նույնիսկ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուին: Նորվեգացի հարձակվողը դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, որ ֆրանսիական հեղինակավոր L'Equipe պարբերականի կողմից ստացավ առավելագույն գնահատական՝ 10-ից 10:

Հոլանդն այդ հեթ-տրիկով ռեկորդ գրանցեց Պրեմիեր լիգայում: Նա մրցաշարում արդեն իսկ 3 հեթ-տրիկ է ձևաերպել՝ անցկացնելով ընդամենը 8 հանդիպում: Մինչև այս Պրեմիեր լիգայում ամենաարագը երեք հեթ-տրիկի շեմը հատել էր Մայքլ Օուենը, որից ցուցանիշը գրանցելու համար պահանջվել էր 48 հանդիպում:

Հոկտեմբերի 2-ին կայացած խաղում Հոլանդը, բացի երեք գոլ խփելուց, կատարեց նաև 2 գոլային փոխանցում:

L'Equipe-ը հայտնի է ֆուտբոլիստների խաղը գնահատելու բավական կոշտ մոտեցումներով: Մինչև 22-ամյա նորվեգացին միայն 13 խաղացողի է հաջողվել «համոզել» ֆրանսիական պարբերականին առավելագույն գնահատական տալու հարցում: Միայն Լիոնել Մեսին է 2 անգամ արժանացել պարբերականի առավելագույն գնահատականին, բայց վերջինը՝ ավելի քան տասը տարի առաջ:

VNews-ը ներկայացնում է Հոլանդից բացի այն 13 խաղացողներին, որոնց խաղն L'Equipe-ը գնահատել է 10 հնարավորից 10 միավոր:

L'Equipe-Հոլանդ

1. ՖՐԱՆԿ ՍՈԶԵ, ՖՐԱՆՍԻԱ Մ21 – ՀՈՒՆԱՍՏԱՆ Մ21, 1988 Թ.

Սա պատմության մեջ առաջին և միակ հանդիպումն է, որի միանգամից երկու խաղացողի ցուցադրած խաղն L'Equipe-ը գնահատել է 10 միավոր:

Եվրոպայի Մ21 առաջնության եզրափակիչում Սոզեն Հունաստանի հասակակիցների դեմ խաղում խփեց Ֆրանսիայի հավաքականի երեք գոլերից երկուսը:

2. ԲՐՈՒՆՈ ՄԱՐՏԻՆԻ, ՖՐԱՆՍԻԱ Մ21 – ՀՈՒՆԱՍՏԱՆ Մ21, 1988 Թ.

Այդ մրցաշարում Մարտինին Ֆրանսիայի Մ21 հավաքականի դարպասապահն էր և նույնպես ամենաբարձր գնահատականն ստացավ հույների դեմ եզրափակիչում դարպասն անառիկ պահելուց հետո:

3. ՕԼԵԳ ՍԱԼԵՆԿՈ, ՌՈՒՍԱՍՏԱՆ – ԿԱՄԵՐՈՒՆ, 1994 Թ.

Օլեգ Սալենկոն ու Խրիստո Ստոիչկովը կիսեցին 1994 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե խաղակոշիկն» ԱՄՆ-ում կայացած մրցաշարում վեցական գոլ խփելուց հետո։

Սալենկոն գոլերից չորսը խփեց Կամերունի հավաքականի դեմ խաղում՝ արժանանալով ինչպես հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին, այնպես էլ L'Equipe-ի հնարավոր ամենաբարձր գնահատականին:

4. ԼԱՐՍ ՎԻՆԴՖԵԼԴ, «ՕՐՀՈՒՍ» - «ՆԱՆՏ», 1997 Թ.

1997 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթում «Նանտի» դեմ ցուցադրած խաղի արդյունքում «Օրհուսի» դանիացի դարպասապահ Լարս Վինդֆելդը ֆրանսիական L'Equipe-ից ստացավ 10-ից 10 գնահատական:

Հատկանշական է, որ հաջորդ 10 միավորը ֆրանսիական պարբերականը «հանձնեց» միայն տասներեք տարի անց:

ԼԱՐՍ ՎԻՆԴՖԵԼԴ

5. ԼԻՈՆԵԼ ՄԵՍԻ, «ԲԱՐՍԵԼՈՆԱ» - «ԱՐՍԵՆԱԼ», 2010 Թ.

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որի խաղն L'Equipe-ը 10 միավոր է գնահատել երկու անգամ: Առաջին անգամ արգենտինացի հարձակվողի խաղը 10 միավոր է գնահատվել 2010 թվականին, երբ Չեմպիոնների լիգայում «Արսենալի» դեմ խաղում արգենտինացին 4 գոլ խփեց:

6. ԼԻՈՆԵԼ ՄԵՍԻ, «ԲԱՐՍԵԼՈՆԱ» - «ԲԱՅԵՐ ԼԵՎԵՐԿՈՒԶԵՆ», 2012 Թ.

2012 թվականին Լիոնել Մեսին Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում ցուցադրեց մարզական կարիերայի լավագույն ելույթներից մեկը: «Կամպ Նոուում» կայացած հանդիպմանն արգենտինացի հարձակվողը գերմանական թիմի դարպասը խփեց 5 գոլ՝ ձևակերպելով պենտա-տրիկ:

7. ՌՈԲԵՐՏ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻ, «ԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ», 2013 Թ.

Լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողներից լինելու իր կարգավիճակն ամրապնդեց 2013 թվականի ապրիլին՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չորս գոլ խփելով Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը:

8. ԿԱՌԼՈՍ ԷԴՈՒԱՐԴՈ, «ՆԻՍ» - «ԳԵՆԳԱՄ», 2014 Թ.

Առաջին խաղակեսում հեթ-տրիկ ձևակերպելուց, իսկ ընդմիջումից հետո ևս երկու գոլ խփելուց հետո «Նիսի» հարձակվող Կառլոս Էդուարդոյին այլ բան չէր սպասում, քան L'Equipe-ի 10-ից 10 գնահատականին արժանանալը:

9. ՆԵՅՄԱՐ, ՊՍԺ - «ԴԻԺՈՆ», 2018 Թ.

ՆԵՅՄԱՐ, ՊՍԺ

Նեյմարը շոուի աստղն էր, երբ ՊՍԺ-ն «Դիժոնին» հաղթեց 8-0 հաշվով: Բրազիլացին խփեց 4 գոլ, կատարեց նաև 2 գոլային փոխանցում: 

10.ԴՈՒՇԱՆ ՏԱԴԻՉ, «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԱՅԱՔՍ», 2019 Թ.

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» 4-1 հաշվով հաղթանակով ապշեցրեց Մադրիդի «Ռեալին» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչը, որն այդ գիշեր խփեց թիմի գոլերից մեկը, հիանալի ելույթով արժանացավ ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ L'Equipe-ի ուշադրությանը:

11. ԼՈՒԿԱՍ ՄՈՈՒՐԱ, «ԱՅԱՔՍ» - «ՏՈՏԵՆՀԵՄ», 2019 Թ.

ԼՈՒԿԱՍ ՄՈՈՒՐԱ

Լուկաս Մոուրան «Տոտենհեմին» օգնեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճել՝ 2019 թվականին «Այաքսի» դեմ հանդիպմանն արտասովոր հեթ-տրիկ ձևակերպելով:

0-2 հաշվի ժամանակ բրազիլացին կրճատեց տարբերությունը 55-րդ րոպեին, 59-ին հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին բաղձալի հաղթանակ պարգևեց լոնդոնյան ակումբին:

12. ՍԵՐԺ ԳՆԱԲՐԻ, «ՏՈՏԵՆՀԵՄ» - «ԲԱՎԱՐԻԱ», 2019 Թ.

2019 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալուց հետո «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում սեփական խաղադաշտում 2-7 հաշվով նվաստացուցիչ պարտություն կրեց Մյունխենի «Բավարիայից»:

Գերմանական ակումբի վինգեր Սերժ Գնաբրին ֆանտաստիկ ելույթ ունեցավ՝ իր անվան դիմաց գրանցելով 4 գնդակ:

13. ԿԻԼԻԱՆ ՄԲԱՊԵ, ՖՐԱՆՍԻԱ – ՂԱԶԱԽՍՏԱՆ, 2021 Թ.

Ղազախստանի հավաքականի դեմ խաղում չորս գոլով և 1 գոլային փոխանցումով Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ 12-րդ ֆուտբոլիստը, որն L'Equipe-ից ստացավ առավելագույն՝ 10 գնահատականը:

14. ԱԼԲԱՆ ԼՅԱՖՈՆ, «ՆԱՆՏ» - ՊՍԺ, 2022 Թ.

23-ամյա դարպասապահն ավելացրեց իր անունն այս բացառիկ ցանկում ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը հրաշալի ելույթի շնորհիվ:

Լյաֆոն այդ հանդիպմանը փակեց ՊՍԺ-ի՝ դարպասին կատարած 9 հարվածներից 8-ի ճանապարհը, իսկ «Նանտը» հաղթեց 3-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ