Իսպանիայի նորընծա չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը կարծում է, որ ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ու իր նախկին խաղընկեր, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն արժանի են «Ոսկե գնդակին»:
«Կարծում եմ՝ պայքարը կընթանա Մեսիի ու Հոլանդի միջև: Նրանց խաղամակարդակին մոտ ոչ ոք չկա: Երկուսն էլ անցկացրին հիանալի մրցաշրջան ու երկուսն էլ արժանի են «Ոսկե գնդակին»»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է:


