Logo

Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը

22:39 / 24.05.2024Այլ մարզաձևեր
null

Գյումրիում մայիսի 24-ին մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը:

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ պետական ​​քաղաքականությունն իրականացվում է մանկապատանեկան, երիտասարդական և մասսայական սպորտի, մեծահասակների սպորտի, հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի նպատակային զարգացմամբ և բարձր արդյունքների համար ֆինանսական խրախուսմամբ։ Ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին։ Մշակվել է ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը»,- ասել է Կարեն Գիլոյանն ու ընդգծել՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը մեր երկրում ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի հաստատմանը, առողջության խթանմանն ու տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տարատեսակ մրցումներին ներգրավվածության բարձրացմանը»:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվում են գործող մանկապատանեկան մարզադպրոցները, կառուցվում են նոր մարզական հաստատություններ՝ իրենց ենթակառուցվածքներով։ Ուշադրություն է դարձվում մանկապատանեկան սպորտի զարգացմանը՝ մարզական ռեզերվ պատրաստելու, ազգային հավաքականները համալրելու և նոր սերնդի ֆիզիկական պատրաստվածությունն ապահովելու համար։

«ՀՀ ներկայացուցիչները մասնակցում են ամառային, ձմեռային և պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, Համաշխարհային ունիվերսիադային և ԱՊՀ երկրների խաղերին, ինչպես նաև տարբեր մարզաձևերից կազմակերպվող այլ միջազգային մրցումների՝ նպաստելով տարբեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը»:

Գիլոյանը շեշտել է՝ Հայաստանում պարբերաբար անցկացվում են նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ վազքի, հեծանվավազքի, լողի և սեղանի թենիսի մասսայական մրցումներ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագրով:

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:

Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը: 2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:

Համաժողովի ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում գործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:

Գիլոյանը, գնահատելով ԱՊՀ երկրների հետ մարզական գործակցության մակարդակը, նշել է, որ հայ մարզիկները պարբերաբար մասնակցություն են ունենում ԱՊՀ երկրներում կազմակերպվող միջազգային մրցաշարերին և գրանցում են բարձր արդյունքներ:

Ֆոտո՝ ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա