Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
«Այս պահից սկսած ուսումնասիրելու ենք մրցակցին։ Յուրաքանչյուր դետալին ուշադրություն ենք դարձնելու և փորձելու ենք լավ հանդես գալ եվրագավաթներում։ Կարևոր չէ հանդիպումը տնային է, թե դրսում ենք հանդես գալիս, քանի որ արտագնա գոլերն այլևս արդիական չեն։ Էստոնիայում ներքին առաջնությունը շարունակվում է, և մենք կուսումնաիսրենք մրցակցի առաջիկա խաղերը»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Առաջին խաղը կկայանա Էստոնիայի մայրաքաղաքում։ Էստոնիայի ընթացիկ առաջնությունում «Կալևը» 17 խաղից հետո 16 միավորով 7-րդ տեղում է։
Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։