Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն չի բացառել, որ երևանյան ակումբի նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո էլ մնալ թիմում։
«Դենիսը ֆիզիկապես լավ վիճակում է, շնորհակալություն «Ռոստովին» ու Վալերի Կարպինին, որ պատրաստել էին ֆուտբոլիստին։ Ունենք շատ ծանր գրաֆիկ, խաղում ենք մի քանի օրը մեկ։ Դա ազդում է բոլոր ֆուտբոլիստների, այդ թվում՝ Դենիսի վրա։ Սակայն մենք տեսնում ենք, թե ինչ օգուտ է թիմին բերում Գլուշակովը։
Հաջորդ մրցաշրջանում Դենիսի հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ կլինի համատեղ որոշում ակումբի, ֆուտբոլիստի ու մարզական շտաբի մասնակցությամբ։ Սակայն մենք անպայման կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը փետրվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ուրարտու», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Գլուշակովը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 3 հանդիպում, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Դենիս Գլուշակովը կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ խաղալով Մոսկվայի «Լոկոմոտիվում» և «Սպարտակում», ինչպես նաև «Ախմատում», «Խիմկիում» և «Նիժնի Նովգորոդում»։ Նրա նախորդ ակումբը «Սպարտակ Կոստրոման» էր, որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ռուսաստանի հավաքականի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 57 հանդիպման ու դարձել 5 գոլի հեղինակ։


