Միլանի «Ինտերի» գերմանացի լատերալ Ռոբին Գոսենսը տեղափոխվել է գերմանական «Ունիո Բեռլին», իսկ միլանյան ակումբին վարձավճարով միացել է իտալական «Մոնցայի» եզրային պաշտպան Կառլոս Աուգուստոն, հաղորդում է «Ինտերի» կայքը:
29-ամյա Գոսենսը գերմանական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Տրանսֆերի համար Գերմանիայի մայրաքաղաքային ակումբը վճարել է 15 միլիոն եվրո՝ այնքան, որքան Transfermarkt-ը գնահատում է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Նոր թիմում նա կխաղա «6» համարի մարզաշապիկով:
Կառլոս Աուգուստոն «Ինտերում» վարձավճարով կխաղա մեկ մրցաշրջան: Միլանյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայմանագրային հնարավորություն ունի: Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: «Ինտերում» նա կխաղա «30» համարի մարզաշապիկով:
Ռոբին Գոսենսն «Ինտերի» գույները պաշտպանում էր 2022 թվականից, ակումբին միացել էր Բերգամոյի «Ատալանտայից»: Կառլոս Աուգուստոն բրազիլական «Կորինտիանսի» սան է, իտալական «Մոնցայի» ֆուտբոլիստ է 2020 թվականից:




