4 հանդիպումներով մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրը: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանն էլ «Սևանը» չներկայացավ, որը մրցակարգի համաձայն չի շարունակի ելույթներն առաջնությունում: «Սևանի» մասնակցությամբ առաջնության հանդիպումներում գրանցված արդյունքները կչեղարկվեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 4 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:
«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ՎԱՆ»
28 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
4 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 3 անգամ, «Վանը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-4
1-ին շրջան. 12.09.2021 «Վան» 1-2 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 1-0՝ Լուիզ Մենեզես 34՛, 1-1՝ Արտյոմ Ավանեսյան 90+1՛, 1-2՝ Մաիլսոն Լիմա 90+4՛:
«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (37 միավոր), «Վան»՝ 9-րդ տեղ (9 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
- Առաջնության առաջատարը գավաթի քառորդ եզրափակչում տհաճ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ 1-2 հաշվով պարտվելով հետնապահներից մեկին՝ «Նորավանքին» ու դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա առաջնության նախորդ երկու խաղերում Դմիտրի Գունկոյի սաները հաղթել էին «Նորավանքին» (2-1) և «Նոային» (1-0):
- Իսկ ահա «Վանը» մեծ հաջողության հասավ գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ թիմի պատմության մեջ առաջին անգամ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով: Գավաթային 2-րդ խաղում էլ «Վանը» մրցակցին՝ «Փյունիկին» հաղթեց հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ: Աչքի ընկավ թիմի դարպասապահ Արման Մելիքսեթյանը: Նա նախ խաղի հիմնական ժամանակում հետ մղեց Գևորգ Ղազարյանի 11մ հարվածը, ապա հետխաղյա 11մ հարվածների ժամանակ հաղթող դուրս եկավ Խոսե Կառաբալլոյի և Խոսե Բալզա Լիսկանոյի հետ մենամարտերում:
Այդ խաղում թիմի գործողությունները տեխնիկական գոտուց ղեկավարում էր Սևադա Արզումանյանը, որը նախորդ առաջնության մեկնարկային 13 հանդիպումներում «Վանի» գլխավոր մարզիչն էր:
- Ի տարբերություն գավաթի մրցաշարի, առաջնությունում «Վանը» շարունակում է անհաջող ելույթները: Նախորդ տուրում թիմը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 0-2 հաշվով զիջելով «Փյունիկին» ու կրկնելով նախորդ առաջնությունում գրանցած իր վատագույն արդյունքը: Առաջնության վերջին 10 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է:
Վերջին 5 հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասել է 528 րոպեի, որը գերազանցում է նախորդ առաջնությունում «Վանի» գրանցած վատագույն արդյունքը (488 րոպե): Վերջին գոլն առաջնությունում «Վանը» խփել է հոկտեմբերի 16-ին «Ուրարտուի» դարպասը: 12-րդ րոպեին աչքի էր ընկել Վլադիմիր Ֆիլիպովը:
- Մինչև նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը, մրցակիցների միջև կայացած երկու խաղերում էլ «Արարատ-Արմենիան» հաղթել էր «չոր» հաշվով: Եվ ահա ապրիլի 8-ին Երևանում կայացած խաղում «Վանին» ոչ միայն հաջողվեց բացել գոլերի հաշիվը չեմպիոնի հետ հանդիպումներում, այլև առաջին հաղթանակը տոնեց (3-2): «Վանի» կազմում առաջին գոլի հեղինակը Ստեֆան Աջումանին էր, որն արդեն 4-րդ րոպեին գրավեց Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը:
Նշենք, որ «Վանի» հետ «Արարատ-Արմենիան» մեկական հանդիպում է անցկացրել Դավիդ Կամպանյայի, Արմեն Ադամյանի, Անատոլի Բայդաչնու և Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ:
- Նախորդ առաջնությունում 8 գոլով «Վանի» լավագույն ռմբարկու ճանաչված Ուիլֆրեդ Կուասի Էզան «Արարատ-Արմենիայում» էլ աչքի է ընկնում արդյունավետ խաղով՝ 13 հանդիպումներում դառնալով 5 գոլի հեղինակ: Ընդ որում նա միայն «Նորավանքի» հետ 13-րդ տուրի խաղում է 90 րոպե գտնվել խաղադաշտում՝ դառնալով գոլի հեղինակ: Իսկ «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն Մաիլսոն Լիման է, որի օգտին 12 գոլ է գրանցված:
«Վանի» կազմում իրեն լավ է դրսևորում Էզային փոխարինած փորձառու Զավեն Բադոյանը, որն անցկացրած 11 հանդիպումներում արդեն 4 գոլի հեղինակ է դարձել:
Դիմակայության լավագույն ռմբարկուն՝
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո՝ 3 գոլ: