Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության երրորդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկած Գոռ Սահակյանը (67 կգ) վստահ ելույթով նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ Հայաստանի հավաքականին բերելով երկրորդ մեդալը:
Հայ ծանրորդը գրանցեց երկամարտի 320 կգ արդյունք: Սահակյանը հաջող կատարեց պոկում վարժության առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով, համապատասխանաբար, 140 և 145 կիլոգրամանոց ծանրաձողերը ու նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երրորդ մոտեցմամբ նա չկարողացավ բարձրացնել 147 կգ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Սահակյանը հրում վարժությունում բարձրացրեց 170 և 175 կիլոգրամանոց ծանրաձողերը ու նվաճեց փոքր ոսկե մեդալ: Նա չկատարեց երրորդ մոտեցումը:
Երկամարտի 305 կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Մենդոզա Էրնանդեսը: Լավագույն եռյակը եզրափակեց թուրք Կան Կահրիմանը (301 կգ):
Երևանյան ԵԱ-ում սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում։ Առաջին մեդալը նվաճել էր Իզաբելա Յայլյանը (55 կգ), որը գրավել էր երրորդ տեղը։
Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):