Logo

Գոռ Մինասյան․ «Ամեն ինչ գնում է նրան, որ կարող ենք հաղթել Տալախաձեին»

19:00 / 22.02.2024Ծանրամարտ
null

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը (+109 կգ) «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ծանրորդներին։ Լրագրողների հետ զրույցում օլիմպիական փոխչեմպիոնն անդրադարձել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ԵԱ-ի գերծանր քաշային կարգի մրցմանը, որում հաղթել էր Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

«Մրցակցության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Վարազդատի առավելությունը բացահայտ էր։ Սա չի կարելի համարել Լաշայի նկատմամբ հաղթանակ, քանի որ առանց մասնակցության հաղթանակ չի լինում։ Մեր առաջնային նպատակն Օլիմպիական խաղերում այս նույն արդյունքը կրկնելն է՝ նրա մասնակցությամբ»,- նշել է Գոռ Մինասյանը։

Հարցին, թե կարո՞ղ են հայ ծանրորդները Փարիզի Օլիմպիական խաղերում գերազանցել վրացի Լաշա Տալախաձեին, գյումրեցի ծանրորդը նշել է հետևյալը․ «Ամեն ինչ գնում է դրան։ Մեր կիլոգրամներն ավելանում են, իսկ իրենը, ինչպես տեսնում եք, պակասում են։ Սակայն մեզ պետք չէ, որ առանց նրա մասնակցության մենք հաղթենք։ Պետք է, որ արդար պայքարում բարձրացնենք Հայաստանի դրոշը»,- եզրափակել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն հայտավորվել էր ԵԱ-ին, սակայն վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցությունից։

Գոռ Մինասյանը 2022 թվականին է փոխել մարզական քաղաքացիությունը: Հայաստանի հավաքականի կազմում գյումրեցի ծանրորդը դարձել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ