Logo

Գոլեր, գարեջուր և «Կոմպանիա». Ով է կանգնած «Բավարիայի» պատմության լավագույն մեկնարկի հետևում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
21:16 / 26.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Մյունխենի «Բավարիան» բավականին երկար ժամանակ նոր մարզիչ էր փնտրում: Ինչո՞ւ. որովհետև հիմնական թեկնածուները մերժում էին: Չաբի Ալոնսոն մնաց «Բայերում», Յուլիան Նագելսմանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, Ռալֆ Ռանգնիկը հրաժարվեց գայթակղիչ, բայց պատասխանատու աշխատանքից, իսկ Օլիվեր Գլասների համար «Քրիսթալ Փելասը» 100 միլիոն եվրո հրաժարագին պահանջեց: Նույնիսկ խոսվում էր Տոմաս Տուխելի՝ թիմում մնալու տարբերակի մասին, բայց գերմանացին ու ակումբի ղեկավարներն այնպիսի հայտարարություններ էին արել միմյանց հասցեին, որ հետդարձի ճանապարհ այլևս չկար. կամուրջներն այրվել էին: 

Ի վերջո՝ «Բավարիայի» ընտրությունը կանգ առավ Վենսան Կոմպանիի վրա, ինչն անակնկալ էր բոլորի համար: Ինչո՞ւ է ամենաբարձր հավակնություններ ունեցող ակումբը հրավիրում մի մարզչի, որի գլխավորած «Բարնլին» Անգլիայի Պրեմիեր լիգայից ուղիղ չվերթով նահանջեց Չեմպիոնշիփ: Ակումբի որոշումը չէին հասկանում նաև երկրպագուները: Մյունխենում հարցում էր անցկացվել՝ «Ցանկանո՞ւմ եք, որ Կոմպանին գա «Բավարիա», ինչին ի պատասխան երկրպագուներից մեկն ասել էր՝ «ո՛չ, քանի որ մենք արդեն իսկ ունենք Ուպամեկանոյի ու Կիմի նման պաշտպանների»: Մարդիկ 36-ամյա մասնագետին նույնիսկ որպես մարզիչ դեռ չեն ընկալում:

««Բավարիային» հաղթելն ինձ միշտ անհնարին խնդիր է թվացել: Մեր նպատակն է այս զգացումը նորից փոխանցել մեր մրցակիցներին՝ հնարավորինս շուտ», - հայտարարեց բելգիացին իր առաջին ասուլիսի ընթացքում մի մրցաշրջանից հետո, որում «Բավարիան» 12 տարի անց առաջին անգամ մնացել էր առանց տիտղոսի:

Տիտղոսների մասին դեռ վաղ է խոսել, բայց այն, որ մյունխենյան հսկան կրկին սարսափ է առաջացնում իր մրցակիցների շրջանում՝ փաստ է: Կոմպանիի գլխավորությամբ «Բավարիան» գրանցում է իր պատմության լավագույն մեկնարկը՝ մրցաշրջանի առաջին 6 խաղում խփելով 29 գոլ: Գերմանական մեքենան «Հոլշտայն Կիլի» դարպասն ուղարկեց 6 գնդակ, «Վերդերի» դարպասը՝ 5, իսկ «Դինամո Զագրեբի» դեմ խաղում ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում՝ դառնալով առաջին թիմը, որ մեկ խաղում 9 գոլ է խփում:

Match Awards from Bayern Munich's sensational 9-2 Champions League win over Dinamo  Zagreb - Bavarian Football Works

Այս ամենից բացի, Կոմպանին դարձավ «Բավարիայի» առաջին մարզիչը, որն իր առաջին 6 խաղում հաղթել է՝ գերազանցելով Կառլո Անչելոտիի ցուցանիշը (2016/17) և կրկնելով Պեպ Գվարդիոլայի՝ առաջին 3 արտագնա խաղում հաղթանակի ցուցանիշը (2015/16):

«Մեր խաղը նման է զվարճանքի, մենք շատ ենք գոլեր խփում, բայց այդ գոլերը խաղաոճի արդյունքն է: Վաղուց նման մակարդակ ցույց չէինք տվել: Վերջին տարիներին միշտ էլ լավ խաղեր անցկացրել ենք, բայց նման դոմինանտություն մրցակիցների նկատմամբ, իմ կարծիքով, չենք ունեցել», - ընդգծում է Տոմաս Մյուլերը:

«Բավարիայի» խփած 29 գոլերն այսպես են բաշխվել՝

  • Հարի Քեյն - 10
  • Մայքլ Օլիսե - 5
  • Տոմաս Մյուլեր - 3
  • Ջամալ Մուսիալա - 3
  • Սերժ Գնաբրի - 2
  • Ռաֆայել Գերեյրո - 1
  • Կինգսլի Կոման - 1
  • Լեոն Գորեցկա - 1
  • Լերոյ Սանե - 1
  • Ինքնագոլեր - 2

Մյունխենում այժմ ամենամյա «Օկտոբերֆեստի» օրերն են՝ ավանդական փառատոն, որի ընթացքում ամբողջ քաղաքը բավարական գարեջուր է վայելում: Ինտեգրվելով մյունխենյան կյանքին ու սովորույթներին՝ Կոմպանին իր ֆուտբոլիստների հետ նույնպես անմասն չմնաց տոնից, որի ընթացքում կարծիք արտահայտեց թիմի մարզավիճակի վերաբերյալ. «Երբեք չի լինում այնպես, որ գոհ լինեմ ամեն ինչից, բայց ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք խաղում: Սա Կոմպանիի ֆուտբոլը չէ, սա «Բավարիայի» ֆուտբոլն է: Մենք ագրեսիվ ենք ու շատ ենք գոլեր խփում, բայց «Բավարիան» միշտ էլ այդպիսին է եղել: Ինձ ոչ միայն գոհացնում են գոլերը, այլ նաև ֆուտբոլիստների վերաբերմունքը, խաղը՝ գնդակով ու առանց գնդակի»:

Harry Kane is ready for Oktoberfest! Bayern star dons his lederhosen and  opens up on working with Vincent Kompany as German giants look to right the  wrongs of last season | Goal.com

«Վերդերի» հետ նախորդ շաբաթ տեղի ունեցած մրցավեճում «Բավարիան» ցույց էր տվել դոմինանտության այնպիսի մակարդակ, որ մրցակցի xG-ն՝ սպասված գոլերի ցուցանիշը, 0.00 էր կազմել, բայց այս հարցում էլ Կոմպանին ընդգծում է ոչ թե իր, այլ ֆուտբոլիստների կարևորությունը. «Նման ցուցանիշ գրանցեցինք, քանի որ, օրինակ, Օլիսեն շարունակում էր վազել ու պայքարել նույն ավյունով նաև այն ժամանակ, երբ արդեն դուբլ էր գրանցել: Նույնը նաև Քեյնը, Գնաբրին, Մուսիալան...»:

Ինչպիսին է Կոմպանին՝ որպես մարզիչ

Կարծես երեկ լիներ, երբ Կոմպանին որպես ֆուտբոլիստ պաշտպանում էր «Մանչեսթեր Սիթիի» գույները: Բայց որպես մարզիչ նա շատերի համար դեռ հանելուկ է: 

Բելգիայի հավաքականի նախկին ավագը «Սիթիից» «Անդերլեխտ» տեղափոխվելուց հետո դարձավ թիմի ֆուտբոլիստ-մարզիչը: Մեկ տարի անց նա ավարտեց ֆուտբոլիստի կարիերան՝ սկսելով մարզչականը՝ ինքնատիպ մեթոդներով: Փակ մարզում, կրկնակի սեսիաներ ու հարձակողական «ինքնասպան» ոճ։

«Ինձ համար արդյունքն էական չէ կարճ ժամկետում: Ես չեմ հավատում չափազանցություններին, չեմ հավատում դրամային: Հավատում եմ գործընթացին: Պետք է արտադրել լավ ֆուտբոլ, իսկ արդյունքները կգան: Իմ մենթորը Պեպն է: Նա գտավ այն լեզուն, որ ես եմ հասկանում ու սովորեցրեց ինձ, թե խաղադաշտի որ հատվածում պիտի ամենամեծ վերահսկումն ունենամ ու ինչպես օգտագործեմ ազատ տարածությունները՝ հաղթելու համար: Երբ այդպես ես պատկերացնում ֆուտբոլը, հետագայում հնարավոր չէ այլ կերպ մտածել», - խոստովանում է Կոմպանին:

Այս ամպագոռգոռ հայտարարությունները Կոմպանին ապացուցեց «Բարնլիում», որի հետ անգլիական Չեմպիոնշիփում գրավեց առաջին տեղը՝ վաստակելով 101 միավոր: Նա «Բարնլիի»՝ գնդակի վերահսկողության տոկոսը 39-ից հասցրեց 64-ի, միջինը մեկ խաղում փոխանցումների քանակը 112-ից հասցրեց 744-ի: Բայց բելգիացին նախընտրում է, որ իր թիմն այդ փոխանցումները կատարի դեպի առաջ, այլ ոչ՝ աննպատակ. «Ինձ դուր է գալիս գնդակի վերահսկումը, երբ այն ունի իրական ազդեցություն խաղի վրա, ոչ թե տիկի-տական՝ հենց այնպես»: 

«Կոմպանին կախվածություն ունի ֆուտբոլից»,- նշում է «Բարնլիի» ֆուտբոլիստ Քոնոր Ռոբերտսը: Այս խոսքերը հաստատում է New York Times-ը, ըստ որի՝ Կոմպանին հատուկ վարորդ է վարձել իրեն մարզաբազա, իսկ հետո տուն տեղափոխելու համար, որպեսզի մեքենա վարելու փոխարեն նա ճանապարհին iPad-ով ծրագրի թիմի մարզումները:

Vincent Kompany and the rebuild at Burnley - The Half Time Pint

Այսպիսին է Կոմպանին, որը փորձում է իր էությունը փոխանցել «Բավարիայի» խաղին: Առջևում սկզբունքային հանդիպում է Գերմանիայի չեմպիոն «Բայերի» դեմ. սեղանին ոչ միայն 3 միավոր է դրված, այլ նաև՝ «Բավարիայի» վնասված հեղինակությունը երկրում: Ֆուտբոլիստներն էլ ամեն ինչ կանեն նախորդ մրցաշրջանի պարտությունից վրեժխնդիր լինելու ու ևս մի քանի լիտր գարեջուր վայելելու առիթ ունենալու համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ