«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային զայրացրել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի` Էռլինգ Հոլանդի հասցեին թույլ տված «Ռյուդիգերիտ» արտահայտությունը, հայտնում է The Telegraph-ը։
«Տե՜ր Աստված, նա նման բա՞ն է ասել։ Ջեյմի Կարագերը նման բա՞ն է ասել։ Մի՛ ծիծաղեցրեք։ Ես չգիտեմ` ինչու է նա կասկածում։ Նա ասել է, թե Հոլանդը չի՞ ցանկացել մասնակցել խաղին։ Դա վատ է և ճիշտ չէ։
Հոլանդը խաղալու մեծ ցանկություն ուներ, սակայն ծնկի խնդիրներ ուներ և չկարողացավ դուրս գալ խաղադաշտ»,- կատալոնացի մասնագետը պատասխանել է լրագրողի` նորվեգացի հարձակվողի վերաբերյալ հարցին։
Ջեյմի Կարագերը CBS Sports-ի ուղիղ եթերում՝ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (3-1) հանդիպումից հետո, քննադատել էր 24-ամյա Հոլանդին.
«Թույլ տվեք նկարագրել իրավիճակը. Հոլանդն առավոտյան մոտեցել է մարզչին և ասել, որ պատրաստ չէ դաշտ դուրս գալուն։ Ի՞նչ եք կարծում` դա կապ ունի՞ Ռյուդիգերի հետ։ Նա դա արել է Ռյուդիգերի պատճառո՞վ։
Նա պահեստայինների նստարանին էր, բայց վնասվածք չուներ։ Ես երբեք առավոտյան` խաղից առաջ, մարզչին չեմ ասել, որ պատրաստ չեմ դաշտ դուրս գալուն։ Նա «Ռյուդիգերիտ»* է»։
- Բնօրինակում՝ Rudiger-itis: Itis գոյականը կազմում է այնպիսի բառերի վերջավորությունը, որոնք արտահայտում են բորբոքումով հիվանդություն: