Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է՝ ինչու վինգեր Ֆիլ Ֆոդենը չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում:
«Խաղալով ցավերով՝ նա անհավանական ջանքեր էր գործադրում և ինձ ասաց, որ այլևս չի կարող շարունակել: Մենք տրամադրեցինք երկշաբաթյա արձակուրդ, որի ընթացքում Ռիյադ Մահրեզը ցուցադրեց փայլուն խաղ, իսկ Ջեք Գրիլիշը կատարեց մեկ քայլ առաջ:
Եթե ասում եք, որ չեմ վստահում Ֆիլին, մոռացե՛ք դրա մասին. նա մեր ադամանդն է:
Աշխարհի առաջնությունից հետո Ֆոդենը գերհոգնած էր: Զրուցեցինք, և ես ասացի, որ այս պահին կան խաղացողներ, որոնք ավելի լավ մարզավիճակում են: Մեծ թիմերում ռոտացիան նորմալ գործընթաց է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Maily-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 30 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 4 ասիստ: