Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջատար, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է բաց թողնել Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված հանդիպումը:
««Ասթոն Վիլայի» դեմ խաղի ընդմիջմանը ես խոսեցի բժիշկների հետ, և նրանք ինձ բացատրեցին, որ չենք կարող վտանգել հարձակվողի առողջությունը, ես համաձայնեցի նրանց հետ։ Չեմ կարծում, որ նա վնասվածք ունի, վաղը մենք հստակ կիմանանք, բայց վտանգ կա, որ նա չի խաղա»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեւբերում է Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի տնային հանդիպման (3-1) երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ հարկադրված փոխարինվել էր: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, խփել 31 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:
Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և ընթացիկ առաջնության առաջատար «Արսենալը» կհանդիպեն փետրվարի 15-ին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին: