Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարի մասին:
««Արսենալը» դեռ խաղ ունի պահուստում: Մենք կգնանք Լոնդոն, որպեսզի փորձենք հաղթել նրանց:
Եթե թիմն առաջին շրջանում վաստակում է 50 միավոր, դա նրանից է, որ նրանք շատ ուժեղ են: Մենք կրճատեցինք միավորների տարբերությունը՝ հաղթելով «Ասթոն Վիլային»»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Անգլիայի առաջնությունում Լոնդոնի «Արսենալը» 21 խաղից հետո 51 միավորով առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում ավելի է անցկացրել և 48 միավորով երկրորդն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Միկել Արտետայի գլխավորած թիմն «Էմիրեյթս» ստադիոնում կընդունի «Մանչեսթեր Սիթիին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան սահմանել էր ռեկորդ՝ Պրեմիեր լիգայի 250-րդ խաղում տանելով 184 հաղթանակը։ Նախորդ ռեկորդակիրը «Լիվերպուլը» գլխավորող գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպն էր, որը 250 խաղում հաղթել էր 160 անգամ: Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը ԱՊԼ-ի առաջին 250 խաղում գրանցել է 158 հաղթանակ: