«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը օրեր առաջ խզեց պայմանագիրը ռուսական «Կուբանի» հետ, խոսել է ապագայի հետ կապված ծրագրերի մասին:
«Չեմ մտածում ապագայիս մասին: Ապրում եմ հանգիստ, ներդաշնակ կյանքով: Եթե պետք է՝ աշխատում եմ: Եթե լինի հնարավորություն, ապա կաշխատեմ ցանկացած երկրում կամ առաջնությունում: Նույնիսկ չեմ բացառում աշխատել կանանց ֆուտբոլում կամ հեռուստաընկերությունում: Ես կառչած չեմ աշխատանքից: Հանգիստ ապրում եմ ու անում այն, ինչն ինձ դուր է գալիս: Կարևորն այն է, որ գիտեմ՝ որ աշխատելու եմ, իսկ թե որտեղ՝ գաղափար չունեմ», - Գրիգորյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Կուբանը» գլխավորել էր մայիսի 17-ին ու պաշտոնից հեռացավ օրեր առաջ։ Նրա գլխավորությամբ Կրասնոդարի թիմը անցկացրել է 12 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի։ Ռուսաստանի Առաջին լիգայի 9-րդ տուրից հետո «Կուբանը» 5 միավորով նախավերջին տեղում է։