Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը խիստ դժգոհ է մարտի 2-5-ը Ստամբուլում տեղի ունեցած Եվրոպայի ձմեռային առաջնությունում եռացատկորդներ Լևոն Աղասյանի և Յանա Սարգսյանի մասնակցությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ նշված մրցմանը չհաջողվեց գործուղել դրանից շուրջ երկու շաբաթ առաջ Բելգրադի միջազգային մրցաշարում 1500 մետր վազքի Հայաստանի ռեկորդ սահմանած Երվանդ Մկրտչյանին։ Այդ մասին գյումրեցի մասնագետը հայտարարեց VNews-ի թղթակցի հետ զրույցում։
«Արդյունքները գնահատում եմ խիստ անբավարար։ Մասնագիտական վերլուծությունից զերծ կմնամ, քանի որ մրցումներին ներկա չեմ եղել։ Մարզիկներին մրցավայր է ուղեկցել ցատկորդների անձնական մարզիչ Արսեն Պետրոսյանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ նա և մարզիկները ներկայացնեն մանրամասները և պատճառները։ Կարող եմ ասել միայն, որ Յանան և Լևոնը իրենց հնարավորություններից անհամեմատ ցածր են հանդես եկել։ Անգամ փետրվարին Վանաձորում կայացած մրցումներում ավելի լավ էին ցատկել»,- նշեց մեր զրուցակիցը։
Գլխավոր մարզիչը հայտնեց նաև, որ վրդովված է Եվրոպայի ձմեռային առաջնությունում Երվանդ Մկրտչյանի բացակայությունից։
«Նախատեսել էինք այս առաջնությանը գործուղել նաև վազորդներ Երվանդ Մկրտչյանին և Գայանե Չիլոյանին, սակայն հանգամանքների բերումով նրանց չհաջողվեց հայտավորել։ Ինչպես գիտեք, Երվանդը Հայաստանի ռեկորդ էր սահմանել Բելգրադի միջազգային մրցաշարում։ Նրան չհաջողվեց հայտավորել, քանի որ Միջազգային ֆեդերացիան արդեն հաստատել էր ավելի վաղ հայտացուցակում ընդգրկված Լևոն Աղասյանի և Յանա Սարգսյանի մասնակցությունը և մեր երկրից այլ աթլետների չգրանցեց։ Այդպիսով, ի սկզբանե չունեցանք ցանկալի կազմով թիմ։ Փաստորեն, Երվանդը, լինելով ձմեռային մրցաշրջանի մեր լավագույն մարզիկը, չընդգրկվեց թիմում։ Ճիշտ է, դա պայմանավորված էր Միջազգային ֆեդերացիայի խիստ մոտեցմամբ, որոշակիորեն նաև մեր ֆեդերացիայի թերացմամբ, բայց փաստ է, որ Երվանդի բացակայությունը տրամաբանական չէր։ Շատ եմ ափսոսում, քանի որ նա լավագույն մարզավիճակում է, և գրեթե 90 տոկոս հավանականությամբ կանցներ 1500 մետր վազքի եզրափակիչ փուլ։ Հատկապես վազքային մրցաձևում դա լուրջ նվաճում կլիներ Հայաստանի համար»,- ասաց Գրիգոր Բարսեղյանը։
Ստամբոլում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում եռացատկորդներ Յանա Սարգսյանը և Լևոն Աղասյանը չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը։ Յանան 12,84 մետր արդյունքով կանանց պայքարում գրավել էր վերջին՝ 18-րդ տեղը, իսկ Լևոնը 15,89 մետր ցուցանիշով 15-րդն էր 16 մասնակիցների մեջ։