FastNews-ն ավարտում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է հաջորդ 10 փաստի տեսքով:
1. Առաջնությունում գրանցված 284 գոլերի հեղինակներ են դարձել 103 ֆուտբոլիստներ, որոնցից 44-ը հայ են: Գոլերից 5-ը խփվել է սեփական դարպասը: Եթե Խոսե Բուենոն («Արարատ-Արմենիա»), Մարկ Ավետիսյանը (ԲԿՄԱ) և Տիմուր Ռուդոսելսկին («Վեստ Արմենիա») միայն ինքնագոլի հեղինակ են դարձել, ապա «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանն ու Արսեն Եղիազարյանը («Վեստ Արմենիա») մեկական անգամ գրավել են սեփական և մրցակցի դարպասները:
Առաջնության ամենաարդյունավետ թիմի՝ «Նոայի» խփած 53 գոլերը բաշխվել են 16 ֆուտբոլիստների միջև, մեկ գնդակ էլ սեփական դարպասն է խփել Խոսե Բուենոն: Գոլերից 5-ը գրանցվել է թիմի նույնքան հայ ֆուտբոլիստների հաշվին:
Գոլ խփած ֆուտբոլիստների քանակով (13) երկրորդ ցուցանիշը պատկանում է «Ուրարտուին», որի գոլերից մեկը գրանցվել է ինքնագոլի հեղինակ դարձած Մարկ Ավետիսյանի հաշվին: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմում 6 հայ ֆուտբոլիստների օգտին ընդհանուր առմամբ 11 գոլ է գրանցված:
«Վեստ Արմենիայում» էլ գոլերի հեղինակներ դարձած 9 ֆուտբոլիստներից 6-ը հայ են, որոնք միասին 8 գոլ են խփել: Իսկ ահա «Փյունիկում» գոլ խփած 10 ֆուտբոլիստներից միայն երկուսն են հայ՝ Արտակ Գրիգորյանն ու Էդգար Մալաքյանը, որոնք մեկական անգամ են աչքի ընկել: «Արարատում», «Շիրակում», «Վանում» և «Գանձասարում» ևս միայն 2-ական հայ ֆուտբոլիստներ են գոլեր խփել:
2. Առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևն է, որի հաշվին 13 գոլ է գրանցված: Գոլերից երկուսը ռուս ֆուտբոլիստը խփել է 11մ հարվածով:
Լավագույն եռյակում են նաև «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն (12 գոլ) և փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն (11): «Փյունիկի» նիգերիացի հարձակվողը Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 76-ի ու դարձավ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը:
Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում 14 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում էր «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը, որին մեկ գոլով էր զիջում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մոհամեդ Յատարան: Ճիշտ է, նախորդ առաջնության աշնանային հատվածում մեկ տուր ավելի էր անցկացվել: Ի դեպ, Միրանյանը հենց 20-րդ տուրում էր իր 14-րդ գոլը խփել:
3. Առաջնության աշնանային հատվածի ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի հարձակվող Արայիկ Էլոյանն է, որի հաշվին 6 գոլ է գրանցված: Գոլերից 3-ը նա խփել է 11մ հարվածով:
5 գոլով երկրորդ տեղում «Վանի» ֆուտբոլիստ Կարեն Նալբանդյանն է: 4-ական գոլ են խփել Արմեն Համբարձումյանը («Արարատ-Արմենիա»), Կարեն Մելքոնյանը («Ուրարտու»), ալաշկերտցի Սարգիս Մեթոյանը, շիրակցի Ռազմիկ Հակոբյանը և բանակային Նարեկ Հովհաննիսյանը:
4. Դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում Գոնսալո Գրեգորիոն ընթացիկ առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ:
Առաջնությունում գրանցված 4 հեթ-տրիկներից առաջինի հեղինակը «Վանի» լեգեոնական Ջոն Բատիգին է, որն օգոստոսի 31-ին 3 գոլ էր խփել «Վեստ Արմենիայի» դարպասը: Հետագայում նման ցուցանիշով աչքի էին ընկել «Արարատ-Արմենիայի» hարձակվող Մարիուս Նուբիսին («Արարատի» հետ խաղում), փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն («Գանձասարի») և «Նոայի» ֆուտբոլիստ Էրալդ Չինարին («Գանձասարի»):
5. Առաջնության աշնանային հատվածի ամենատարեց ֆուտբոլիստը «Շիրակի» 38-ամյա ավագ Հրայր Մկոյանն է: Դեկտեմբերի 2-ին «Վանի» հետ կայացած շիրակցիների վերջին խաղում Մկոյանը 38 տարեկան 91 օրական էր: Նա հայկական 7 թիմերի կազմում ընդհանուր առմամբ 369 խաղ է անցկացրել, ինչը 4-րդ ցուցանիշն է Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում:
Առաջնության ամենաերիտասարդ մասնակիցները 16-ամյա շիրակցի Ալբերտ Գարեգինյանն ու փյունիկցի Ժիրայր Աշիկյանն են: Գարեգինյանը «Շիրակի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում առաջին խաղն անցկացրել էր 15 տարեկան 288 օրականում՝ օգոստոսի 17-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճի 88-րդ րոպեին փոխարինելով Մորի Կոնեին:
Ժիրայր Աշիկյանը նոյեմբերի 7-ին իր ծննդյան 16-ամյակի օրն էր «Գանձասարի» հետ խաղում նորամուտը նշել Fastex Պրեմիեր լիգայում՝ 73-րդ րոպեին փոխարինելով Արտակ Գրիգորյանին:
6. Արտակ Գրիգորյանն ընթացիկ առաջնությունում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նոյեմբերի 7-ին նա «Գանձասարի» դարպասը գրավել էր 37 տարեկան 19 օրականում: Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին «Վանի» հետ առաջնության 10-րդ տուրի մրցավեճում Արտակ Գրիգորյանը պատմական նվաճման էր հասել՝ դառնալով 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը: Դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ մրցավեճը Fastex Պրեմիեր լիգայում վերջին՝ 404-րդ խաղն էր ֆուտբոլային կարիերան ավարտած փորձառու ֆուտբոլիստի համար:
Առաջնությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Զավեն Խուդավերդյանն է: «Նոայի» ֆուտբոլիստը դեկտեմբերի 8-ին «Գանձասարի» դարպասը գրավել էր 17 տարեկան 176 օրականում:
7. Մասնակից 11 թիմերի դարպասն ընդհանուր առմամբ պաշտպանեցին 22 դարպասապահներ: «Վանում» և ԲԿՄԱ-ում բոլոր հանդիպումներում դարպասի պաշտպանությունը վստահվել էր միայն մեկ դարպասապահի՝ համապատասխանաբար Դանիիլ Պոլյանսկուն ու Արման Ներսեսյանին: Իսկ ահա «Վեստ Արմենիայում» և «Ալաշկերտում» խաղադաշտ են դուրս եկել 3-ական դարպասապահներ: Մնացած 7 թիմերի դարպասը պաշտպանել են 2-ական դարպասապահներ:
Առավել հաճախ՝ 7-ական անգամ դարպասն անառիկ են պահել Ալեքսանդր Մելիխովն («Ուրարտու») ու Դանիիլ Պոլյանսկին («Վան»), որոնք 17-ական խաղ են անցկացրել: Փյունիկցի Հենրի Ավագյանն ու «Նոայի» դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին 6-ական խաղում գոլ բաց չեն թողել:
8. Ալեքսեյ Պլոշադնին առաջնության ամենահուսալի դարպասապահն է, որն անցկացրած 8 խաղերում ընդամենը 2 գոլ է բաց թողել (միջինը մեկ խաղում՝ 0,25 գոլ), որից մեկը՝ 11մ հարվածով: Իր անցկացրած 6 անընդմեջ հանդիպումներում Պլոշադնին գոլ բաց չթողեց՝ դարպասը 616 րոպե շարունակ պահելով անառիկ: Այդ ցուցանիշով «Նոայի» դարպասապահը ևս լավագույնն է առաջնությունում:
Նա դարձավ Հայաստանի առաջնություններում 600 և ավելի րոպե դարպասն անընդմեջ անառիկ պահած ընդամենը 8-րդ դարպասապահը: Ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է, որը 755 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:
20-ամյա Պլոշադնին տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:
«Արարատ-Արմենիայի» 27-ամյա դարպասապահ Դանիլո Կուչերն էլ 380 րոպե շարունակ անառիկ պահելով դարպասը՝ գերազանցել էր Անդրիա Դրագոևիչի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2018թ. «Փյունիկի» դարպասը 379 րոպե շարունակ անառիկ էր պահել, ինչը լավագույն ցուցանիշն էր 27-ամյա այլազգի դարպասապահների մեջ:
9. Առաջնության 93 հանդիպումներում մրցավարները 23 անգամ ֆուտբոլիստներին հեռացրել են խաղադաշտից, 390 անգամ էլ դեղին քարտ են ցույց տվել: Միայն «Շիրակի» ֆուտբոլիստները կարմիր քարտի չեն արժանացել:
«Փյունիկն» առաջնության ամենակարգապահ թիմն է, որի ֆուտբոլիստները 28 անգամ զգուշացվել են, մեկ անգամ էլ հեռացվել են խաղադաշտից: 2-րդ տեղում «Արարատն» է՝ 32 քարտ (30 դեղին, 2 կարմիր քարտ), որին հաջորդում են «Նոան»՝ 33 քարտ (30 դեղին, 3 կարմիր քարտ) և «Գանձասարը»՝ 35 (34 դեղին, 1 կարմիր քարտ):
Կարգապահական խախտումների քանակով ռեկորդակիրը «Վեստ Արմենիան» է, որի ֆուտբոլիստները 50 անգամ զգուշացվել են, մեկ անգամ հեռացվել են խաղադաշտից: Հաջորդ տեղերում են «Շիրակը» (46 զգուշացում) և «Վանը» (37 դեղին, 2 կարմիր քարտ):
10. Կարմիր քարտերի քանակով յուրօրինակ տխուր ռեկորդ է սահմանել «Ալաշկերտը», որի 5 ֆուտբոլիստներ՝ Ռումյան Հովսեփյանը, Արմեն Մանուչարյանը, Նարեկ Մանուկյանը, Բենիկ Հովհաննիսյանը և Հայկ Մուսախանյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից:
4 կարմիր քարտ է ստացել «Ուրարտուն», որի ավագ Ժիրայր Մարգարյանն առաջնության միակ մասնակիցն է, որ արդեն 2 անգամ հեռացվել է խաղադաշտից (4 անգամ էլ զգուշացվել է): Մեկական անգամ էլ կարմիր քարտ են ստացել նրա խաղընկերներ Իվան Իգնատևն ու Սերգեյ Մկրտչյանը:
«Նոայի» (Հելդեր Ֆեռեյրա, Յան Էտեկի, Պաբլո դոս Սանթոս) և «Արարատ-Արմենիայի» (Խոսե Բուենո, Մարիուս Նուբիսի, Ամոս Նոնդի) ֆուտբոլիստները 3-ական անգամ պատժվել են կարմիր քարտով: 2-ական կարմիր քարտի են արժանացել «Արարատի» (Սանդրո Տրեմուլե, Գոռ Մալաքյան) և «Վանի» (Յարոսլավ Մատյուխին, Մոմո Տուրե) ֆուտբոլիստները:
Մյուս թիմերից մեկական անգամ խաղադաշտից հեռացվել են փյունիկցի Խամես Սանթոսը, Արմեն Սարգսյանը («Վեստ Արմենիա»), ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը և գանձասարցի Սալիա Կադեր Տրաորեն:
Ստացած 6-ական դեղին քարտերի քանակով ռեկորդակիրներն են «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը, Լուքման Գիլմորը («Ուրարտու»), արարատցիներ Կլինտոն Դոմբիլան ու Մուսա Կանտեն, Արթուր Քարտաշյանը («Վեստ Արմենիա», քարտերից մեկը ստացել է «Ալաշկերտում»), շիրակցի Լևոն Դարբինյանը, ԲԿՄԱ-ի ավագ Արգիշտի Պետրոսյանը և գանձասարցի Բերտրան Մանին: