Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 4-րդ փուլի արագ շախմատի մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը:
Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ անցկացրած 3 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: 4-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով 54-րդ քայլին հաշտություն կնքեց Սեմ Շենկլենդի հետ: Ջեֆերի Սյոնգի հետ պարտիան, որում Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվեց 43-րդ քայլին: Իսկ 6-րդ տուրում Արոնյանը սևերով 36-րդ քայլին միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ:
6 տուրից հետո Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 5 միավորով 8-րդ տեղում է: 8 միավորով առաջատարը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան է:
Հիշեցնենք, որ մեկնարկային 3 տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ ու պարտվել էր ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային:
Օգոստոսի 28-ին կկայանան արագ շախմատի մրցաշարի ավարտական 3 տուրերի մրցախաղերը: Արոնյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերնիեր Դոմինգեսի, Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջայի և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու հետ: