Եվրոպական ֆուտբոլի կարկառուն հարձակվողներն արդեն սկսել են պայքարը «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար, որը կտրվի մրցաշրջանի արդյունքներով եվրոպական ազգային առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին:
«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդն իր արդյունավետությամբ ուղղակի կատաղի պայքար է առաջարկում մրցակիցներին: Կշարունակի՞ արդյոք Հոլանդը նույն ոգով, թե՞ ինչ որ մեկը կկարողանա իր արդյունավետությամբ առաջ անցնել 22-ամյա նորվեգացուց:
VNews-ը ներկայացնում է ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ռմբարկուներին:
14 ԳՈԼ
- ԷՐԼԻՆԳ ՀՈԼԱՆԴ (28 ՄԻԱՎՈՐ), «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ»
Ձեռք բերելով Էրլինգ Հոլանդին՝ «Մանչեսթեր Սիթին» հասկանում էր, թե ինչ է ստանում: «Տարգարյենների դինաստիայի» վերջին ներկայացուցիչը, սակայն, ոչ միայն արդարացնում է սպասելիքները, այլև աչքի է ընկնում անհավատալի արդյունավետությամբ:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Հոլանդը 14 գոլ է խփել, 3 տնային խաղում անընդմեջ ձևակերպել է հեթ-տրիկ՝ ռեկորդ սահմանելով Անգլիայի ուժեղագույնների լիգայում:
Դրանից բացի, Հոլանդը 3 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 2 խաղում:
9 ԳՈԼ
- ՌՈԲԵՐՏ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻ (18 ՄԻԱՎՈՐ), «ԲԱՐՍԵԼՈՆԱ»
Լեհ հարձակվողը վաղուց է ամրապնդել դիրքերը բոլոր ժամանակների լավագույն հարձակվողների անվանացուցակում, սակայն, երբ հեռացավ «Բավարիայից» ու միացավ կատալոնական «Բարսելոնային», 34-ամյա կենտրոնականը նոր մարտահրավեր ընդունեց՝ ապացուցելու իր կարգը նաև այլ վայրում:
Առաջնությունը Լևանդովսկիի համար, ինչպես երևում է, նշանակություն չունի: Ռոբերտն անցկացրած 7 խաղում խփել է 9 գոլ, որով առաջատարն է Պիչիչիի մրցանակի համար պայքարում: Նա 3 գոլով էլ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում անցկացրած 2 խաղում:
Լևանդովսկին Լա լիգայում կատարել է նաև 2 գոլային փոխանցում:
8 ԳՈԼ
- ՆԵՅՄԱՐ (16 ՄԻԱՎՈՐ), ՊՍԺ
ՊՍԺ-ում Նեյմարի կարիերայի ընթացքում հարցեր են առաջացել նրա նվիրվածության, աշխատասիրության ու թիմային ֆուտբոլիստ լինել-չլինելու վերաբերյալ, սակայն նրա տիեզերական տաղանդը երբեք քննարկման առարկա չի դարձել:
30-ամյա բրազիլացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում փայլում է ադամանդի պես: Անցկացրած 9 խաղում Նեյմարը խփել է 8 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում էլ 2 խաղում Նեյմարը մեկական անգամ աչքի է ընկել գոլով ու գոլային փոխանցումով:
- ԿԻԼԻԱՆ ՄԲԱՊԵ (16 ՄԻԱՎՈՐ), ՊՍԺ
Աշխարհում լավագույնը լինելու կարգավիճակի համար պայքարող երիտասարդ Կիլիան Մբապեն նույնպես տպավորիչ մեկնարկ է ազդարարել ընթացիկ մրցաշրջանում:
Լիգա 1-ում 23-ամյա ֆրանսիացին մասնակցել է 8 հանդիպման, որոնցում խփել է 8 գոլ:
Դրանից բացի, Մբապեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 2 խաղում աչքի է ընկել 3 գոլով:
7 ԳՈԼ
- ՀԱՐԻ ՔԵՅՆ (14 ՄԻԱՎՈՐ), «ՏՈՏԵՆՀԵՄ»
Անգլիայի հավաքականի ավագը վաստակել է պաշտպանների ամենասարսափելի մրցակիցներից լինելու համբավը և շարունակում է վերահաստատել իր կարգը նաև ընթացիկ մրցաշրջանում:
Անգլիայի Պրեմիեր լիգայում Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողն 8 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Հոլանդի հետ ռմբարկուական պայքարն այս պահին բարդ է թվում, սակայն էլ ո՞վ կարող է առաջարկել այդ պայքարը, եթե ոչ առաջնության եռակի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, որն ավելի քան 180 գոլ է խփել անգլիական ֆուտբոլի էլիտայում:
- ՆԻԿԼԱՍ ՖՅՈՒԼԿՐՈՒԳ (14 ՄԻԱՎՈՐ), ԲՐԵՄԵՆԻ «ՎԵՐԴԵՐ»
«Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգն իսկական աստղի է վերածվել: 29-ամյա գերմանացին նախորդ մրցաշրջանում խփեց 19 գոլ և օգնեց թիմին վերադառնալ Գերմանիայի ուժեղագույնների լիգա, իսկ ընթացիկ մրցաշրջանում ազդարարել է ցնցող մեկնարկ՝ 8 խաղում խփած 7 գոլով ու կատարած 1 գոլային փոխանցումով:
Ազգային հավաքականում երբևէ չխաղացած 29-ամյա կենտրոնական հարձակվողի տպավորիչ ելույթները գուցե ազդակ լինեն Հանսի Ֆլիկի համար:
6 ԳՈԼ
- ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՏՐՈՎԻՉ (12 ՄԻԱՎՈՐ), «ՖՈՒԼՀԵՄ»
Սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը գրեթե միշտ քննադատության կիզակետում է եղել Պրեմիեր լիգայում: Ըստ այդ քննադատությունների՝ Միտրովիչը Պրեմիեր լիգայում արդյունավետ ելույթ ունենալու ունակություն չունի:
28-ամյա կենտրոնական հարձակվողը Պրեմիեր լիգա-Չեմպիոնշիփ վայրիվերումների ընթացքում հաճախ արդյունավետությամբ աչքի է ընկել Անգլիայի կարգով երկրորդ լիգայում, իսկ Պրեմիեր լիգա վերադարձից հետո ցուցադրել է ոչ այնքան արդյունավետ ֆուտբոլ:
Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանում «Ֆուլհեմի» հարձակվողը, սակայն, անցկացրած 44 խաղում խփեց 43 գոլ, կատարեց 7 գոլային փոխանցում: Հիմա հերթը կրկին Պրեմիեր լիգայինն է, որի մեկնարկում սերբն ուղղակի փայլում է:
- ԲՈՐԽԱ ԻԳԼԵՍԻԱՍ (12 ՄԻԱՎՈՐ), «ԲԵՏԻՍ»
29-ամյա Բորխա Իգլեսիասը «Բետիսի» շարքը համալրել է 2019 թվականին «Էսպանյոլից»: Տրանսֆերն արժեցել է 28 միլիոն եվրո:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական հարձակվողն անցկացրած 6 խաղում խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Բորխա Իգլեսիասի արդյունավետ խաղն ստիպել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հրավիրել նրան ազգային հավաքական, որի կազմում ֆուտբոլիստի նորամուտը կայացել է այս տարվա սեպտեմբերի 24-ին:
- ՇԵՐԱԼԴՈ ԲԵԿԵՐ (12 ՄԻԱՎՈՐ), ԲԵՌԼԻՆԻ «ՈՒՆԻՈՆ»
Էրեդիվիզիի հսկա «Այաքսի» հանրահայտ ակադեմիայի սան Շերալդո Բեկերը մարզական կարիերայի ընթացքում երբեք չի փայլել բարձր արդյունավետությամբ, սակայն հիմա գուցե այդ վիճակագրությունը շտկելու ժամանա՞կն է:
Ամստերդամում ծնված 27-ամյա սուրինամցին Գերմանիայի մայրաքաղաքը ներկայացնող «Ունիոնի» կազմում Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 խաղ, որոնցում խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Բեկերը նախորդ 3 մրցաշրջաններում նույնպես «Ունիոնի» մարզազգեստով ելույթ է ունեցել Բունդեսլիգայում: 2019/20 մրցաշրջանում նա մասնակցել է 13 խաղի, սակայն գոլ չի խփել, 2020/21 մրցաշրջանում 18 խաղում խփել է 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում, իսկ ահա 2021/22 մրցաշրջանում անցկացրած 28 խաղում աչքի է ընկել 4 գոլով ու 6 գոլային փոխանցումով: Այսինքն՝ ամբողջ նախորդ մրցաշրջանում կատարել է այնքան արդյունավետ գործողություն, որքան հասցրել է անել արդեն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում:
- ՄԱՐԿՈ ԱՐՆԱՈՒՏՈՎԻՉ (12 ՄԻԱՎՈՐ), «ԲՈԼՈՆԻԱ»
«Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականին ցանկանում էր անգլիական ֆուտբոլ վերադարձնել «Վեսթ Հեմի» նախկին հարձակվող Մարկո Արնաուտովիչին: Հանելուկային ավստրիացին գրավել էր «Կարմիր սատանաների» ուշադրությունը Չինաստանից վերադառնալուց հետո Եվրոպայում ունեցած ելույթով:
33-ամյա հարձակվողը, սակայն, մնաց «Բոլոնիայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում նույնպես աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ:
Արնաուտովիչը մասնակցել է Ա Սերիայի 8 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում ավստրիացին 33 խաղում խփել էր 14 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
- ԹԵՐԵՄ ՄՈՖԻ (12 ՄԻԱՎՈՐ), «ԼՈՐՅԱՆ»
2020 թվականին 8 միլիոն եվրոյով ֆրանսիական «Լորյան» տեղափոխված Թերեմ Մոֆին տպավորիչ մեկնարկ է ազդարարել Լիգա 1-ի 2022/23 մրցաշրջանում:
Նիգերիայի հավաքականի 23-ամյա հարձակվողն անցկացրած 9 խաղում խփել է 6 գոլ:
2020/21 մրցաշրջանում Մոֆին Լիգա 1-ում մասնակցել էր 32 խաղի, աչքի ընկել 14 գոլով և 3 գոլային փոխանցումով, իսկ 2021/22 մրցաշրջանում անցկացրած 37 խաղում՝ 8 գոլով և 4 գոլային փոխանցումով:
- ՔՐԻՍՏՈՖԵՐ ՆԿՈՒՆԿՈՒ (12 ՄԻԱՎՈՐ), «ԼԱՅՊՑԻԳ»
Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հիասքանչ ելույթներից հետո հայտնվեց եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կիզակետում: Նկունկուն, սակայն, որոշեց շարունակել ելույթները «Լայպցիգում», իսկ ընթացիկ մրցաշրջանում կփորձի կրկնել, ինչու ոչ՝ գերազանցել նախորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում խփած 35 գոլ ցուցանիշը՝ ևս մեկ անգամ ապացուցելու, որ եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությունը նրա նկատմամբ իզուր չէ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն մասնակցել է 8 խաղի, խփել 6 գոլ: