Գնդակը, որով Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Աստծո ձեռքով» գոլ էր խփել Անգլիայի դեմ 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում, աճուրդում չի վաճառվել 2 միլիոն ֆունտ ստերլինգով, հայնտնում է The Guardian-ը:
Գնդակը պատկանում է թունիսցի մրցավար Ալի Բին-Նասերին, որը սպասարկել է այդ խաղը:
«Հանդիպման վերջում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բոբի Ռոբսոնն ասաց ինձ, որ լավ աշխատանք կատարեցի, սակայն եզրային մրցավարն անպատասխանատու որոշում կայացրեց»,- լեգենդար դրվագը հիշելով՝ ասել է Բին Նասերը:
Աճուրդը մեկնարկել է 1,4 միլիոն ֆունտ ստերլինգից ու հասել է 2 միլիոնի, սակայն նախկին մրցավարը հրաժարվել է վաճառել այն՝ պահանջելով առնվազն 3 միլիոն:
Հիշեցնենք, որ այդ խաղում Արգենտինայի հավաքականը Մարադոնայի դուբլի շնորհիվ հաղթանակ էր տարել 2-1 հաշվով, այնուհետև նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Դիեգոն առաջին գոլը խփել էր ձեռքով. ավելի ուշ արգենտինացին ասել էր, որ դա եղել է Աստծո ձեռքը:


