Տորոնտոյում մեկնարկել է արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլը: Մասնակից 8 շախմատիստները բաժանվել են զույգերի և պայքարը սկսել են քառորդ եզրափակչից:
Մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել նաև Լևոն Արոնյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Սամուել Սևյանին: Սակայն Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հրաժարվել է մրցաշարի մասնակցությունից, ուստի նրա փոխարեն պայքարը շարունակում է Սամուել Սևյանը:
Սևյանը հաջող անցկացրեց քառորդ եզրափակիչի առաջին 4 պարտիաները հնդիկ Նիհալ Սարինի հետ՝ հաղթելով 2,5-1,5 հաշվով: Վճռորոշ էր մրցակիցների 2-րդ տուրի պարտիան, որում ամերիկահայ գրոսմայստերը սևերով 44-րդ քայլին հաղթեց: Մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին 2,5-1,5 հաշվով առջևում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ մրցախաղում:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան 4-0 հաշվով հաղթում է լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն 3-1 հաշվով առջևում է ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ մրցախաղում:
Նոյեմբերի 3-ին մրցաշարի մասնակիցները կանցկացնեն քառորդ եզրափակիչի 5-8-րդ տուրերի պարտիաները, որոնց արդյունքներով էլ կորոշվեն կիսաեզրափակիչի զույգերը:
Կիսաեզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 4-ին և 5-ին, եզրափակիչը՝ 6-ին և 7-ին:
Մրցաշարի հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավճար: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կվաստակի 100 հազար դոլար: 3-4-րդ տեղերը զբաղեցրածները կստանան 50 հազարական, 5-8-րդ տեղերը՝ 25 հազարական դոլար պարգևավճար: